«Դեղամիջոցը տանձ չի, առողջապահությունն էլ իրենց տատի բոստանը չի: Իրենք իրենց որոշել են՝ տանձը ճիճվով ուտե՞լ, թե առանց ճիճվի: Ղեղերի հանդեպ նման վերաբերմունքն ընդունելի չէ»,-Առողջապահական նախաձեռնող խմբի՝ դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգին նվիրված այսօրվա քննարկման ժամանակ Առողջապահության նախարարությանը նման խոսքեր հղեց «Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը: Հիշեցնենք՝ ինչպես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը, մարտի 1-ից Հայաստանում գրանցված դեղերի մի մասը բաց է թողնվում դեղատոմսով՝ հակաբիոտիկները, հորմոնային դեղամիջոցներ:
Սամվել Զաքարյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը նման կարգ է մշակել՝ առանց մասնավոր հատվածի հետ քննարկելու: «Մի հատ չեն հարցնում՝ դեղատոմսն առհասարակ պե՞տք է, թե ոչ: Դեղատոմսեր պետք է է լինեն, բայց խնդիրն այն է, որ նախկինում էլ դրանց հարցում խստություն չի պահպանվել: Նորաթուխ դեղագործ-աղջիկն է դեղատանը որոշում, թե մարդու որ տեղն է ցավում ու նրան ինչ դեղ պետք է տալ»,-դժգոհեց Սամվել Զաքարյանը: Ապա հավելեց. «Բանջարաբոստանային փորձարկումներ անելն ընդունելի չէ առողջապահական ոլորտի համար: Եթե վարչապետը հայտարարում է, որ բարեփոխումներ պետք է անել, միեւնույն է՝ փոխնախարարից ներքեւ գտնվողները շարունակում են քարացած մտածելակերպով աշխատելը»:
Զաքարյանը հայտնեց՝ արդեն ահազանգեր կան, որ դեղատների մի մասում դեղագործն իրեն լուրջ բժշկի տեղ է դրել. «Ասում են՝ հիվանդին ուղարկեք մեր դեղատներ, մենք կտանք այդ դեղատոմսը: Կոռուպցիան դեղատներ է մտնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Միանգամից հավաքեք բոլոր թոշակառուներին, գնդակահարեք և լափեք նրանց խղճուկ թոշակները: Առանց դեղի թողնելն ու տանջամահ անելս ո?րն է…