«Թուքիան, ըստ էության, օկուպացնում է հարեւան երկրի տարածքը եւ դա անում է ՌԴ-ի ե ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Աֆրինի գրավման գործողությանը, կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` նկատելով, որ միջազգային եւ տարածաշրջանային խաղացողներից որեւէ մեկը լուրջ անրադարձ չի կատարում դրան ու դա մտահոգիչ է: Ըստ բանախոսի, սիրիական ճգնաժամը, փաստորեն, որեւէ մեկին չի հետաքրքրում ու որեւէ մեկը չի պատրաստվում իր խոստումներին հետեւել, մասնավորաբար, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասով: Հիշեցնենք՝ Սիրիայի ամբողջականության պահպանման մասին խոսում էր ՌԴ-ն: Արդյունքում, ըստ թուրքագետի, սիրիական կարկանդակից Թուրքիան պոկում է իր բաժինը:
Ի՞նչ է անելու Թուքիան Աֆրինից հետո. առաջ կգնա՞, կմնա՞, ինչպիսի՞ն կլինեն «Ձիթենու ճյուղ» օպերացիայից հետո հարաբերությունները ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ տարածաշրջանային մյուս խաղացողների հետ: Ինչպե՞ս կկապիտալիզացնի Էրդոնանն իր այս հաղթանակը ներքաղաքական կյանքում. այս հարցերի համատեքստում փորձագետը հիշեցնում է`Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները հայտարարում են, որ Աֆրինով գործը չի ավարտվելու եւ ասում են, որ ԱՄՆ-նն ընմբռնումով է մոտենում: ԱՄՆ-ից հայտարարում են, որ որեւէ պայմանավորվածություն չկա: Թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Թիլերսոնի Թուրքիա կատարած փետրվարյան այցից հետո ձեռք բերված պայմանավորվաություններն ի՞նչ կլինեն`հայտնի չէ:
Փորձագետն ասում է`այժմ թուրք-ամերիկյան ակտիվ սակարկություններ են գնում`ի՞նչ կարող է Թուրքիան պոկել այս հաջողությունից: Ուշադրություն է հրավիրում ՌԴ-ի հետ C 400-ի գործարքի դանդաղեցման վրա, ամերիկյան հրթիռների շուրջ բանակցություների, Էրդողանի թիկնապահների հետ կապված պատմության չեզոքացման եւ այլն: Ելնելով այս ամենից, Անուշ Հովհաննիսյանը համաձայն է այն թուրք գործիչների հետ, որոնք ասում են`Թուրքիան ոչ միայն ցեղասպանություն է իրականացնում, այլեւ ցեղասպանություն է արտահանում ու դրա ապացույցը Աֆրինի գրավման ժամանակ իրականացված վայրագություններն են, երբ անգամ մեր թվարկությունից առաջ 1300 տարվա հուշարձան էին ոչնչացնում, քուրդ ժողովրդի համար առասպելական հերոսի հուշարձանն էին վերացումն. «Սա հայերիս շատ ծանոթ ձեռագիրն է. ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջումն է, այլ նաեւ ծիսական վանդալիզմի ակտերը»:
Ըստ բանախոսի, Աֆրինի բռնակցմամբ այդ բնակավայրում Թուրքիան նաեւ էթնիկ պատկերն է փոխելու: Նա պատմությունից հայտնի դեպքեր է օրինակ բերում`Թուրքիայի կողմից սիրիական հողերի բռնակցման`գերտերությունների մանդատի ներքո, եւ այդ բնակավայրերում էթնիկ պատկերի վերափոխման:
Անուշ Հովհաննիսյանը վստահ է`իր նեոիսլամիստական նկրտումներով Թուրքիան բախվելու է նաեւ Իրանի հետ, չնայած այժմ իրավիճակային դաշնակիցներ են Սաիրիայի հարցում: Բախվելու է նաեւ արաբ հարեւանների հետ:
Այս ամենի համատեքստում խոսելով՝ արդեն արտաքին ձեռքբերումների` ներքին կյանքի վրա անդրադարձերի մասին, բանախոսը նկատում է`վերջին շրջանում հաշվարկները ցույց էին տալիս, որ Էրդողանի կուսակցությանը չի հաջողվելու 2019-ի ընտրություններում հավաքել բաղձալի 50+1 տոկոսը ու այս իմաստով Աֆրինի հաղթանակը պետք էր իրեն: Թեեւ, ռազմական տեսանկյունից, թուքագետի կարծիքով՝ այն այդքան էլ մեծ բան չէր, բայց ամեն ինչ անում են` համաշխարհային մակարդակի հաղթանակ ցույց տալու համար: Նաեւ նկատում է, որ Թուրքիայում հիմա «սիմվոլիկ լեզու» է օգտագործվում, որը ցույց է տալիս, թե ո՞ւր է գնում այդ երկիրը: Թուրքագետի գնահատմամբ, իսլամացված ազգայնականության միտումն է երեւում Թուրքիայում:
Անուշ Հովհաննիսյանը խոսեց նաեւ Թուրքիայում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որոնք ապահովում են դաշինքների մուտքը խորհրդարան: Հիշեցնենք, Էրդողանի կուսակցությունը դաշինք կազմեց «Գորշ գայլերի» հետ: Այդ փոփոխություններով նաեւ քրդական կուսակցության մուտքը սահմանափակելու քայլեր են արվել: Թուրքագետը նկատում է`Էրդողանը դաշտը մաքրում է: Նաեւ լրատվական: Վերջերս «Դողան» հոլդինգը ստիպված վաճառեց իր բաժնետոմսերը մեկ այլ խոշոր գործարարի, որը Էրդողանի մտերիմն է: Եթե նախկինում, Թուրքիայում լրագրողները հայտնվում էին ճաղերի ետեւում, հիմա վերահսկվում են Էրդողանի կողմից: «Թուրքիայում նույնիսկ կատակում են`մեկ մարդ, մեկ ձայն»,- ասում է թուրքագետը:
Այս իրողությունների համատեքստում, բանախոսը նկատում է`մենք չենք կարող չմտահոգվել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրով, քանի որ չգիտենք թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, քանի որ կան կարծիքներ, որ չնայած թվացող կայունացմանը եւ քաղաքական բանակցություններին, վտանգ կա, որ այս պատերազմն անավարտ է, անընդհատ նոր օջախներ են ծագում: Նաեւ ունենք Ադրբեջանի նման հարեւան: Ու քանի դեռ Թուրքիան իր ուշադրությունն առայժմ տրամադրել է Մերձավոր Արեւլքի տարածաշրջանին, Անուշ Հովհաննիսյանը կարծում է, որ առայժմ մենք ժամանակ ունենք մեր անվտանգային համակարգը բարելավելուն: Դա եւ բանակն է, եւ տնտեսության զարգացումը, եւ կոռուպցիայի դեմ պայքարը, եւ արտաքին քաղաքականության ուժեղացումը: Թեեւ այս ամենը պետք է երեկ արած լինեինք, բայց գոնե այսօր պետք է անել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ