Ինչպես եւ հաղորդվել էր, հանրապետություն ներթափանցող քամիներն իրենց սպասեցնել չտվեցին:
Դեռ երեկվանից Վանաձորում ուժեղ քամիներ են: Քամու պատճառով քաղաքի տարբեր թաղամասեր, այդ թվում եւ Գուգարք համայնքը պարբերաբար հոսանքազրկվում են: Բացի այդ քամին քշել տարել է նաեւ Վանաձորում գործող «Բազում » կարի ֆաբրիկայի մետաղյա տանիքը եւ մեկ բնակելի տան տանիք: Սպիտակ քաղաքում եւս ուժեղ քամիներ են: Այստեղ քամին տանիքից թիթեղները պոկել եւ գցել է մեքենայի վրա:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչ Վահե Անտոնյանի փոխանցմամբ պատճառված վնասները միայն նյութական են. «Բարեբախտաբար մարդկանց վնաս չի հասցվել: Այս պահին քամու ուժգնությունը 16մ/վ է, բայց Լոռու մարզում հնարավոր է 30-35մ/վ ուժգնացում լինի: Հեռուստատեսությամբ էլ քաղաքացիներին կտեղեկացնենք, որ տներից դուրս չգան, զգույշ լինեն»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ