Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։ Մարտի 23-ին տեղի ունեցած նիստին նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գայանե Մարմարյանն ամփոփ ներկայացրեց արտաքին գնահատման արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմված թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Այնուհետև Հավատարմագրման հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին։ Հաջորդեց դռնփակ քննարկումը և քվեարկությունը։
Նշենք, որ Հյուսիսային համալսարանը 2015թ․ ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Փորձագիտական խումբը, մատնանշելով բուհի խնդիրները, թերությունների վերացման ուղղությամբ խորհրդատվություն էր մատուցել։ Բուհն էլ, հիմքում ունենալով փորձագետների խորհրդատվությունը, թերությունների վերացման ծրագիր էր կազմել և իրագործել՝ պարբերաբար ՈԱԱԿ-ին հաշվետվություն ներկայացնելով իրականացվող փոփոխությունների և արդյունքների մասին։
2017թ․ բուհը դիմել էր վերահավատարմագրման։ Տեղացի և միջազգային փորձագետներից կազմված խումբը փորձաքննություն է իրականացրել բուհում, գնահատել թերությունների վերացման ծրագրի արդյունքները և հետագա բարելավման ուղղությամբ խորհրդատվություն մատուցել։ Բուհը կազմել է թերությունների վերացման նոր ծրագիր, որը կիրականացնի առաջիկա 4 տարիների ընթացքում՝ Հավատարմագրման կարգի համաձայն, ՈԱԱԿ-ին հաշվետու լինելով բարելավման գործընթացների և արդյունքների մասին։
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի մամուլի հաղորդագրություն