Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը համոզված է, որ Սեւանից հնարավոր հավելյալ ջրառ կատարելը ջրամբարների թերլցվածությամբ պայմանավորելն արդարացված չէ, եւ Սեւանից հավելյալ ջրի բացթողումը ավելի մեծ խնդիրների է հանգեցնելու: «Սեւանը գտնվելով բարձրադիր գոտում՝ թելադրում է աղբյուրների ջրի ծավալն ու որակը: Երբ Սեւանի ջուրը ջրառի միջոցով փչացնում ենք քանակապես ու որակապես, հարվածում ենք մաքուր աղբյուրներին, որտեղից բնակչության մեծամասնությունը խմելու ջուր է ստանում»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Քանրիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարել էր, որ ջրամբարների թերլցվածության խնդիրը լուծելու համար գուցե դիմեն ԱԺ-ին՝ Սևանից հավելյալ ջրառ կատարելու թույլտվության համար: Հովհաննիսյանը կարծում է, որ այդ կերպ Արարատյան դաշտավայրի ոգոռման հարցը չի լուծվելու, քանի ու խնդիրն ավելի խորքային է. «Արարատյան դաշտավայրը ծանր վիճակում է. հողերի զգալի մասը չի ոռոգվում: Նաեւ ճահճացում է տեղի ունենում, ջրերը կուտակվում են: Անապատացման խնդիր է առաջանում: Հողն ասում է՝ «ես արդեն անապատ եմ»:
Փորձագետը համոզված է, որ Սեւանից հավելյալ ջրառ կատարելը եւ դրա հետեւանքով լճի մակարդակի իջեցումը ձեռնտու են ՀՀ իշխանություններին, որովհետեւ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով օլիգարխների առաձնատներն են ջրի տակ մնալու: «Այդ պատճառով էլ ցանկանում են ջրի մակարդակն իջեցնել: Բացի այդ, ճանապարհների՝ ջրի մեջ հայտնվելու խնդիր կառաջանա, ափամերձ օբյեկտներն ու շինությունները պետք է տեղափոխել: Այդ ամենը գումարների հետ է կապված, ինչից ուզում են խուսափել»,-համոզմունք հայտնեց փորձագետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ