Նախօրեին Արմավիր մարզի Արմավիր գյուղում տեղի ունեցած սպանության շարժառիթը գյուղում մեքենան արագ վարելն է եղել:
Սպանությունը տեղի է ունեցել մարտի 21-ին` ժամը 21:30-ի սահմաններում. 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը վիճաբանության ընթացքում 7 դանակի հարված է հասցրել կողքի գյուղի՝ Այգեվանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պողոսյանին: Վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Վաղինակ Մարտիրոսյանը դեպքից հետո դիմել էր փախուստի, իսկ հանցագործության գործիք հանդիսացող դանակը նետել Երեւան-Արմավիր ճանապարհին: Դանակը մինչ այժմ չի հայտնաբերվել:
Դեպքից ժամեր անց ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ 19-ամյա Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացել է ոստիկանության բաժին եւ ձերբակալվել:
Մեր տեղեկություններով՝ սպանվածը այդ օրն ընկերոջ հետ մեքենայով բարձր արագությամբ Արմավիր գյուղով ընթանալիս է եղել, ինչի մասին իմացել է Վաղինակ Մարտիրոսյանը եւ ընդհանուր ծանոթի միջոցով հանդիպում «կազմակերպել»: Վաղինակ Մարտիրոսյանի հետ 4 հոգի են եղել, սպանված Պողոսյանը եղել է ընկերոջ հետ. արագ վարելու շուրջ վիճաբանություն է ծագել, հայհոյանքներ են հնչել, ինչի ժամանակ էլ Մարտիրոսյանը 7 անգամ հարվածել է Նարեկ Պողոսյանին: Դեպքից հետո բոլորը (անգամ տուժողի ընկերը) դիմել են փախուստի՝ Նարեկ Պողոսյանին թողնելով արնաքամ՝ փողոցում ընկած: Նրան անօգնական վիճակում հայտնաբերել է այդ պահին նշված հատվածով անցնող Opel մակնիշի 31 ԼA 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, որն էլ վիրավորին տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Պողոսյանը մեկ ժամ անց մահացել է:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում