Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր խմբակցության անդամներին չի կարողանում համոզել իր պայքարի ճշմարտացիության մեջ»

Մարտ 24,2018 11:02

«Սա վճռական ճակատամարտ է: Մենք ի վիճակի ենք պայքար կազմակերպել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս Սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան նախորդով»,- երեկ հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը`խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու իրենց ծրագրերի մասին:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը կանխելու համար ապրիլի 9-17-ը «Քաղաքացիական պայմանագիրը» փողոցային պայքար է մղելու: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք`ՀՀԿ-ում պատրա՞ստ են «մարտն ընդունել»: «ՀՀԿ-ում, սեփական երկրում ճակատամարտերի չեն պատրաստվում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը «արհեստական եւ կեղծ քաղաքական օրակարգ» է ներկայացնում: «Ես Լեւոն Զուրաբյանի հետ համամիտ եմ` «после драки, кулаками не мащут. ՀՀ-ում իշխանությունն ու ընդդիմությունը ձեւավորվում են բացառապես ընտրությունների միջոցով: Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, ընտրությունների միջոցով ձեւավորվել է իշխանություն, որին էլ իրավունք է վերապահվել մինչեւ 2022 թվականը ստանձնել երկրի կառավարումը: Նիկոլ Փաշինյանը, որ ասում է`«սահմանադրական ճանապարհով, խաղաղ ճանապարհով», դա կեղծ եւ արհեստական օրակարգ է, որով մարդկանց թյուրիմացության մեջ է գցում: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր խմբակցության անդամներին չի կարողանում համոզել իր պայքարի ճշմարտացիության մեջ. ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`շարունակելով. «Դու քաղաքական գործիչ ես, ԱԺ-ի ընտրությունների արդյունքներն ընդունել ես, ԱԺ-ում գործող խմբակցության ղեկավար ես, ԱԺ ղեկավար մարմնի`խորհրդի անդամ ես, մասնակցում ես ԱԺ նիստերին, շատ դեպքերում «կողմ» ես քվեարկում նաեւ իշխանության որոշ նախաձեռնություններին, բացեք եւ տեսեք`քանի՞ կողմ է քվեարկել վերջին նիստի ժամանակ, դու օգտվում ես Սահմանադրությամբ ձեզ տրված ինստիտուցիոնալ ընդդիմության լիազորություններից`հարցապնդում ես անում, հարց ես բարձրացնում, լսումներ ես անում: Այս ամենից հետո հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին`համակարգայի՞ն ընդդիմություն ես, թե՞ փողոցային ընդդիմություն»:

Մեր զրուցակիցն ընդդիմադիր գործչին առաջարկում է`ի վերջո կողմնորոշվել. «Այլապես չի լինի`մինչեւ ժամը 13.00-ն պառլամենտում ես աշխատում, դրանից հետո գնում ես ձեռքի հետ փողոցային պայքարի՞»: Երբ մարգինալ ուժերն են փորձում փողոցային պայքար իրականացնել, մեր զրուցակցի համար էլի արհեստական, բայց ինչ-որ առումով հասկանալի է. «Մարդիկ խոսափող չունեն, մեկն ուզում է իր մասին հիշեցնել, մուսը ուզում է ասել, որ ինքը քաղաքական առումով դիակ չէ եւ այլն»: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղ եւ օրինական ճանապարհով են պայքարելու, Էդուադ Շարմազանովին ստիպում է երկրորդ հարցը տալ նրան. «Խաղաղ եւ օրինական ճանապարհով ինչպե՞ս ես գալու իշխանության: Իշխանափոխությունն անցյալ տարի ապրիլի 2-ին եղել է, ժողովուրդը ձայնը տվել է եւ ինքն էլ ընդունել է այդ ընտրությունների արդյունքները»:

Նիկոլ Փաշինյանի հիմնավորումը, որ ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը չի ունենալու պաշտոն, ոստիկանության եւ ԱԱԾ-ի հրամանատարի կարգավիճակ, կառավարություն էլ չի լինելու ու այդ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած» է լինելու`«Ժողովուրդը ցանկանա՝ կվերցնի», Էդուարդ Շարմազանովը համարում է «երկրորդ բլեֆը»: Նա հարկ է համարում Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ սահմանադրական բարեփոխումներից հետո, Հայաստանում իշխանությունն անձնավորված չէ. «2017 թվականի ընտրություններով Հայաստանում իշխանությունը ձեւավորվել`ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիան է իշխանությունը: Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը մինչեւ 2022 թվականի պառլամենտական ընտրությունները բացարձակ մեծամասնություն է»: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արհեստականությունն ընդգծելու համար Էդուարդ Շարմազանովը պատկերավոր ֆուտբոլային համեմատություն է անում. «Ոնց որ այսօր Իտալիայի հավաքականը գնա բողոքի, թե ինչո՞ւ է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել Բրազիլիային եւ որ արդեն Բրազիլիան աշխարհի չեմպիոն է»:

«Ելք»-ում «Քաղաքացիական պայմանագրի» եւ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկի շուրջ անհամաձայնությունն արդյոք խոսո՞ւմ է այն մասին, որ խմբակցության մյուս երկու կուսակցություններն իշխանության կամ իշխանության որոշակի շրջանակների կողմից վերահսկվող են, այդ իսկ պատճառով էլ չեն ցանկանում դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, մանավանդ քաղաքական կուլիսներում ժամանակին խոսակցություններ կային, որ Էդմոն Մարուքյանի մուտքը քաղաքականություն եղել է Սերժ Սարգսյանի «դաբրոյով», մեր դիտարկմանը ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. «Ինձ չի հետաքրքրում, թե քաղաքական կուլիսներում ինչ են խոսում: Էդմոն Մարուքյանը, ինչպես նաեւ «Ելք»-ի ցանկացած թեկնածու, իմ պաշտպանության կարիքը չունի: «Ելք»-ում իրականացվող քաղաքական խմորումներն ինձ ոչ հետաքրքիր են, ոչ էլ պատրաստվում եմ մեկնաբանել: Դրանք բացառապես իրենց խնդիրն են: Ես էլ ինչ-որ ասում եմ`վերացեք անձերից. կա Սահմանադրության պահանջ, ընտրություններն էլ ավարտվել են, եւ կեղծ օրակարգ է`ժողովրդին թյուրիմացության մեջ գցել`ասել`իշխանության ձեւավորման փուլ է, ինչ պիտի անենք: Ապրիլի 17-ի քվեարկությամբ է պառլամենտում որոշվելու, թե ով լինի վարչապետ: Կընտրվի այն ուժի առաջարկած թեկնածուն, ում օգտին քվեարկողները շատ կլինեն: Եթե Նիկոլ Փաշինյանը, կամ Արմեն Մարտիրոսյանը, կամ Պետրոս Մակեյանը, կամ մեկ ուրիշը,  ուզում է ինքը որոշի, թե ով լինի վարչապետը, թող բարի լինեն 2022 թվականի ընտրություններում հաղթեն եւ որոշեն: Իսկ մինչեւ 2022 թվականը ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են որոշելու. այսօր կարող է մեկը լինի, մեկ տարի հետո մեկ ուրիշը, բայց որոշողը մենք ենք լինելու: Հայաստանը Նովգորոդի ՎՉ-ն չի, որ ով բարձր գոռա, նա էլ իշխանություն լինի: Հայաստանը ժողովրդավարական պետություն է`եվրոպական մակարդակի, որտեղ իշխանությունը ձեւավորում են այն ուժերը կամ դրանց դաշինքը, որոնք հաղթել են ընտրությունների արդյունքում: Ընտրություններ, որոնց արդյունքները կասկածի տակ չեն դրել ոչ ոք: Բոլոր փորձերը`վարչապետի ընտրությունը ներկայացնել հետընտրական, նախընտրական կամ իշխանափոխության գործընթաց, ոչ այլ ինչ են, քան բլեֆ: Եվ առնվազն անընդունելի է մեղադրել ժողովրդին, ինչը վերջերս արեց Նիկոլ Փաշինյանը: Ես 10 հազարների լեգենդը չեմ ընդունում, բայց եթե մի պահ անգամ մտածենք, որ Փաշինյանի ասածն իրականություն է, ուրեմն նա փաստում է`իր քաղաքական կապիտալն ավելի քիչ արժե, քան այդ 10 հազար դրամը»:

Նկատեցինք`հրապարակում պայքարող այլ ուժեր էլ կան, ի դեպ նաեւ ուժեր, որոնք դեմ չեն նաեւ զինված պայքարին: «Ժառանություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ ինքն առնվազն հասկանում է այն մարդկանց, ովքեր կողմ են զենքով պայքարել իշխանության դեմ: «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն Հայաստանի հանրապետությունում իրականացնել գործընթացներ եւ պայքար, որոնք չեն բխի ՀՀ օրենսդրությունից, կհակասեն ՀՀ Սահմանադրությանը`լինեն իշխանության, ընդիմության, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: ՀՀ-ում եւ իշխանությունը, եւ ընդիմությունը, եւ լրատվությունը, եւ քաղաքացիական հասարակությունը պարտավոր են գործել բացառապես օրենքի շրջանակներում: Ժողովրդավարություն-ժողովրդավարություն, որ խոսում ենք առավոտից իրիկուն`դա նախեւառաջ օրենքի իշխանությունն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին` Հայաստանում օրենքի իշխանության մասի՞ն է խոսում եւ ՀՀԿ-ական իշխանության հայտարարած բարեփոխումների սկզբունքներից ելնո՞ւմ է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի, ում անունը տարբեր կոռուպցիոն սկանդալներում շոշափվեց, նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրեն ինձ համար, որպես պետական պաշտոնյայի, քննարկման ենթակա չեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031