Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նոր նախագահ, ՀՀ-ի հարցերով նոր համազեկուցող եւ անհայտ ճակատագրով ադրբեջանամետ խումբ

Մարտ 24,2018 15:00

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 23-27-ը

Ապրիլի 23-24-ը Ստրասբուրգում կայանալիք՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին ընդառաջ այս օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում:

Օրինակ՝ հունվարյան նստաշրջանին ԵԽԽՎ նոր նախագահ ընտրված՝ սոցիալիստների խմբից Միկելե Նիկոլետին մարտի 4-ին Իտալիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չի ընտրվել, հետեւաբար չի կարող զբաղեցնել ԵԽԽՎ նախագահի պաշտոնը:

«Առավոտը» ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով պետք է ընտրվի նոր նախագահը: Տիկին Հովհաննիսյանը պարզաբանեց. «Հերթը սոցիալիստների խմբինն է: Կարծում եմ` խումբն ապրիլյան նստաշրջանին նիստ կգումարի, որտեղ կքննարկի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում խմբի անդամներից որեւէ մեկին առաջադրելու հարցը: Իհարկե, այս պահի դրությամբ խումբը նոր ղեկավար ունի՝ Մարի Պասկեն, բայց թե ում կառաջադրեն խմբի ղեկավարի պաշտոնում՝ կքննարկեն խմբի ներսում: Գուցե խմբի ներսում մեկ-երկու թեկնածություն կառաջադրեն, կտեսնենք, ժամանակը ցույց կտա: Եթե այլ թեկնածու չլինի, ԵԽԽՎ քաղաքական մյուս խմբերի հետ պայմանավորվածության հարգման արդունքում սոցիալիստների խմբի նոր թեկնածուն կհայտարարվի ԵԽԽՎ նախագահ»:
Մյուս զարգացումն այն է, որ Իտալիայի խորհրդարանում պատգամավոր չի ընտրվել նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից: Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ապրիլյան նստաշրջանի ընթացքում նրա փոխարեն եւս կընտրվի նոր համազեկուցող:

ԵԽԽՎ մյուս զարգացումն այն է, որ կասկածի տակ է դրված սեպտեմբերին ստեղծված ադրբեջանամետ նոր ազատ դեմոկրատներ կոչվող խմբի ճակատագիրը:
Այս խմբի ղեկավարն ու մի շարք անդամներ Իտալիայի խորհրդարանում չեն ընտրվել պատգամավորներ: Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է լինելու այդ խմբի ճակատագիրը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Ճակատագիրն անհայտ է: Եթե խումբը համապատասխան թվով անդամներ չունենա, հետեւաբար որպես քաղաքական խումբ հանդես գալ չի կարող: Սպասենք իրադարձությունների զարգացմանը»:

Հարցին՝ Հայաստանին ուղղակիորեն վերաբերող օրակարգային հարց կա՞ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց՝ հատուկ հարց չունենք:

Տեղեկացնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է «ՌԴ նախագահի անօրինական ընտրությունը Ղրիմի ինքնավար հանրապետության՝ ժամանակավորապես շրջափակված տարածքում. մարդու իրավունքների ոտնահարում» թեմայով քննարկում, հրատապ քննարկում կանցկացվի Եվրոպայում իսլամաֆոբիայի, քսենոֆոբիայի թեմայով: Վեհաժողովը նաեւ կքննարկի հակակոռուպցիոն անկախ հետաքննական մարմնի ներկայացրած զեկույցը՝ կոնկրետ պատգամավորների գործունեության հետաքննությանը նվիրված: Առանձին քննարկում նվիրված կլինի կազմակերպված ահաբեկչության դեմ պայքարին:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

23.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031