Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի ուժն ու կոռուպցիան, սպառազինության արդիականացումն ու Ադրբեջանին զենքի վաճառքը

Մարտ 24,2018 12:00

Ս. Սարգսյանը հստակեցրեց, որ ադրբեջանական կողմին
զսպելը չի նշանակում բացառապես հարձակումը կասեցնել

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքում, որտեղ անդրադարձել է պաշտպանության քաղաքականության եւ անվտանգության հարցերին, Ղարաբաղյան հակամարտությանը, բանակին ու սպառազինությանն առնչվող թեմաներին:

Նա, մասնավորապես, շեշտել է, որ մեր բանակը եղել է, կա եւ լինելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական գործոնը: «…Բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող»: «Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները եւ մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջեւ եւ օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, եւ մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով. «Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էին: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան»:

Ս. Սարգսյանը հստակեցրել է, որ պետք է հետեւողական աշխատել եւ մշտապես պատրաստ լինել հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր եւ մանր փորձերին. «Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքան մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետեւողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»:
Անդրադառնալով սպառազինության ձեռք բերմանը՝ Ս. Սարգսյանը նշել է, որ մեր հիմնական դաշնակիցը եւ գործընկերը ՌԴ-ն է, որի հետ ունենք պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում մրցակցային պայմաններով ձեռք ենք բերելու արդիական սպառազինություն. «Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները»:

Ապա նա շեշտել է. «Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք եւ մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլեւս ցանկություն չունենան խախտելու դեռեւս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը, որում հայտնվել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Բանակցային գործընթացում տեղաշարժ չկա, հայկական կողմը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում աշխատանքը, բայցեւ գիտակցում է, որ հիմնական պատասխանատվությունը կողմերի վրա է:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ռազմավարությունը հետեւյալն է՝ մշտապես պատրաստ լինել հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու Ադրբեջանի խոշոր եւ մանր փորձերին: Ավելին, Ս. Սարգսյանը հստակեցնում է, որ ադրբեջանական կողմին զսպելը չի նշանակում բացառապես հարձակումը կասեցնել, այլեւ հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի «այլեւս ցանկություն չունենան խախտելու դեռեւս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի դրույթները»:

Սերժ Սարգսյանը ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ նախընտրական քարոզչական թոհուբոհի մեջ ինքնամոռաց Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնող Ալիեւին է ուղերձներ հղում, որն էլ իր հերթին ներքին «Ղարաբաղը վերադարձնելու» «հայրենասիրական» ճառեր է հրամցնում հասարակությանը՝ միաժամանակ միջազգային հանրությունից է փորձում արդարացում ստանալ, թե ինչու է «պատերազմը» միակ ելքն Ադրբեջանի համար:

Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի կողմից արդիական սպառազինության ձեռք բերման թեմայի արծարծումը, երբ նա հավելեց, որ այլ հնարավորություններ նույնպես օգտագործվելու են՝ տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան զենքի վաճառքի գործարքներին՝ նկատել էր, թե ռուսական կողմը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, ինչը առկա էր մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել էր, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչեւ 2016թ. ապրիլ. «Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ, դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»:

Մինչ այժմ Ռուսաստանից ազդակները հուշում էին, որ ռուսական կողմի «բիզնեսը» Ադրբեջանի հետ կշարունակվի: Դժվար է ասել՝ Ադրբեջանում ֆինանսական իրավիճա՞կը թույլ չի տալիս շարունակել ռուս-ադրբեջանական գործարքները, թե՞ Մոսկվան քաղաքական որոշում է կայացրել, ամեն դեպքում 2010-ից ի վեր Ռուսաստանի կողմից ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքն Ադրբեջանին ունեցավ կոնկրետ հետեւանքներ, իսկ թե ինչպես կդրսեւորի Մոսկվան այսուհետ՝ ցույց կտա ժամանակը:

Ս. Սարգսյանի ելույթում հատկանշական էր նաեւ բանակում կոռուպցիայի խնդրի արծարծումը. «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլեւ մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության կողմից վերահսկելի, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի եւ պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Մեր բանակի մարտունակության, մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ ընդհանրապես մեր բանակի եւ պետության հանդեպ առաջին հերթին դրսեւորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երեւույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»:

Առհասարակ «կոռուպցիայի դեմ պայքար» արտահայտությունը, թերեւս սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ ամենավարկաբեկվածներից է դարձել մեր իրականությունում: Եթե բանակում, եւ ոչ միայն բանակում, դեռեւս գոյություն ունի կոռուպցիա, նշանակում է՝ չկա դրա դեմ իրական պայքար: Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը հազիվ թե ամիսների, տարիների կամ տասնամյակների լուծելու խնդիր լինի: Դրան կարելի է հասնել ժամերի, օրերի ընթացքում՝ ուղղակի մթնոլորտ փոխելով, օրինակ՝ ձերբազատվելով մարդկանցից, որոնք դրանով են զբաղված եղել:

«Կոռուպցիան չարիք է պետության համար», «կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է դարձել» եւ այլ նմանատիպ գնահատականները մեր օրերում արդեն իսկ հուշում են, որ մենք վաղուց պետք է դուրս եկած լինեինք արձանագրումների ռեժիմից: Մենք վաղուց արդեն պետք է ցույց տայինք օրինակներ, թե որ ոլորտում իրականացված այս կամ այն փոփոխություններն ինչ արդյունքներ են տվել: Հակառակ դեպքում, բացասական երեւույթի առկայությունն անվերջ արձանագրելով եւ դրա վերացման անհրաժեշտությունից շարունակաբար խոսելով, իրավիճակը չի փոխվելու:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 23.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031