Լրահոս
Օրվա լրահոսը

Արամոն արտիստ է եւ ոչ շոու-բիզնեսի ներկայացուցիչ

Մարտ 24,2018 13:30

Դիմանկարի փորձ

Բեմարվեստում ընդունված է ամենաարտիստիկ կերպար համարել հատկապես «ալյուրոտված» դեմքով մնջախաղացին: Մասնագետներն ասում են, որ այս դեպքում դիմակը նրան վեր է բարձրացնում անձնականից:

Թատրոնի եւ կինոյի դերասան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի՝ ապրիլի 3-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հոբելյանական երեկոյի հայտագիրը, որտեղ արվեստագետը պատկերված է միմի կերպարում, ոչ թե տարաբնույթ խոսակցությունների, այլ մի մտահոգության առիթ է դարձել. ինչո՞ւ է սիրված արտիստը այդքան տխուր: Մեզ հետաքրքրող այս եւ այլ հարցերի պատասխանները ճշտելու նպատակով նրանից հանդիպում չխնդրեցինք: Արամոյի հետ մինչ բեմից կամ հեռուստատեսությամբ ծանոթանալը, հաճախ ենք հանդիպել երեւանյան փողոցներում, ու թեեւ ծանոթներ չէինք, բայց նրան չնկատել հնարավոր չէր, հենց թեկուզ այն տարիների համար ոչ ստանդարտ հագուկապի, ազատ պահվածքի, արտիստին հատուկ ժեստերով հաղորդակցվելու եւ այլ պատճառներով: Ինչ վերաբերում է հայտագրում մնջախաղացի՝ նրա կերպարին, մասնագետներն ասում են, որ հենց այդ տխրության մեջ է արտահայտվում մարդկային մեծ սերն ու խորությունը:

Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը ժամանակին «Առավոտի» հետ զրույցներում մշտապես առանձնացնում էր իր որոշ մեներգիչների, այդ թվում՝ Արամոյին, կրկին փաստելով նրա արտիստիկ կերպարը: Պատահական չէ, որ երգիչը իսկապես փայլեց 1989թ. Յուրմալայում կայացած մրցույթում՝ դառնալով դափնեկիր ու արժանանալով նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Տասնամյակները խոսուն վկան են այն իրողության, որ արվեստագետը զգուշորեն է ընտրում իր երգացանկը: Ի դեպ, 2016թ. Արամոն հանդես եկավ իր բեմական-ստեղծագործական գործունեության 30-ամյակին նվիրված շքեղ մենահամերգով, թեեւ նրա բեմական գործունեությունը կարելի է հաշվել «Արեւիկ» մանկական անսամբլում նրա ելույթներից, որի առաջին արտիստներից էր: Օրբելյանի նվագախմբից հետո, 90-ականներին երգչին հանդիպեցինք Երգի պետական թատրոնում, որտեղ եւ կայացավ նրա ճակատագրական հանդիպումը առաջին հերթին փայլուն երաժիշտ, ջութակահար, երգչուհի Էմմա Պետրոսյանի հետ:


Մի փոքր «շեղվենք» Արամոյից: Կոնսերվատորիայում Էմմա Պետրոսյանի պրոֆեսորը՝ Հենրի Սմբատյանը, երբ Էմման ճանաչված երգչուհի էր, առիթի դեպքում ափսոսանք էր հայտնում իր երբեմնի ուսանողի ջութակից «հեռանալու» կապակցությամբ, հետո էլ կարծես ինքն իրեն սփոփում էր, ասելով, թե լավ է, որ Էմման որոշ երգերի կատարումներ զուգահեռում է ջութակի նվագով:

Ասացինք «շեղվել», բայց սա այն դեպքն է, երբ ամուսինները իրենց արվեստով իսկապես լրացնում են մեկմեկու, հաճախ հանդես գալիս դուետներով, վերջերս էլ նրանց միացել է որդին՝ Միքայելը, որն այս պահին ջութակի տեխնիկական ու կատարողական արվեստին հմտանում է Գերմանիայում: Արվեստագետների ընտանիքի երկրպագուներից շատերից լսել ենք, թե չէ՞ր կարելի համատեղ հոբելյանական երեկո նշել, թեեւ համոզված են, որ կայանալիք համերգին անհնար է չտեսնել Էմմային:

Վերադառնանք Արամոյին: Նրան նկատել են այնպիսի ճանաչված կինոռեժիսորներ, ինչպիսիք են Քեոսայանը, Դովլաթյանը, Ռուդակովիչը, Սալեմը եւ այլք: Հայտնի են արվեստագետի մասնակցությամբ «Ծաղրածուի ժպիտը», «Մխիթար սպարապետ», «Սողանք», «Վոդկա լիմոն», «Սպիտակ գառան երազը», «Հայրեր», «Ուրիշի փոխարեն» խաղարկային ֆիլմերը, իսկ թատրոնում՝ «Սեւ դառը շոկոլադ», «Տրամվայ ցանկություն» եւ այլ ներկայացումներ:

Հանդիսատեսին մինչ օրս հուզող մի հարցի պատասխան էլ կարող ենք հնչեցնել, վստահ լինելով, որ Արամոն չի առարկի. Յուրմալայում կայացած մրցույթից հետո Սոսո Պավլիաշվիլին հիմնվեց Մոսկվայում եւ այսօր ռուսական շոու-բիզնեսի վառ դեմքերից է, իսկ Արամոն ավելի քան մեկ տարի ապրելով ու հաջողված կարիերա անելով Մոսկվայում, այնուամենայնիվ, վերադարձավ, որովհետեւ Արամոն արտիստ է եւ ոչ շոու-բիզնեսի ներկայացուցիչ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031