Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պատմում ծիսական տիկնիկները

Մարտ 24,2018 13:00

Մանրամասնում է ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը

Հայկական տոների կարեւոր մաս են կազմել ծիսական տիկնիկները, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Ծիսական տիկնիկների մասին զրուցել ենք «Կենաց տուն» մշակութային կենտրոնի տնօրեն, Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի հետ:

«Տիկնիկների ծագումը հավատալիքի հետ է կապված: Նրանք ունեցել են որոշակի դեր եւ նշանակություն: Հենց այնպես, խաղալու համար չէ, որ ստեղծվել են».-ասում է Լալա Մնեյանը:

Ըստ մեր զրուցակցի, խմորից պատրաստված Ասիլ-Վասիլները մեզ կպատմեն ամանորյա գուշակությունների մասին: Նրանց տալիս էին տղայի, աղջկա տեսք կամ էլ ընտանիքի անդամների անունով էին պատրաստում: «Կախված նրանից՝ որ մասն էր ուռչում, ակնկալում էին, որ տերը կունենա բարօրություն: Եթե կնոջ փորն էր ուռչում, հավանաբար, այդ տարի երեխայի մասին լուր կլսեն: Շատ վայրերում էլ տղամարդկանց համար ոչ թե տիկնիկներ էին անում, այլ քսակներ, որոնց ուռչելը նյութական բարիքներով առատ տարի լինելու խորհրդանիշ էր»,-պատմում է Հայաստանի ժողովրդական վարպետը:

Տիկնիկներից ամենաբարին էլ Ուտիս տատն է` Բարեկենդանի խորհրդանիշը:

Բարեկենդանը ազատության, ամենաթողության, կերուխումի, վայելքների, կատակների, անգամ ծաղրի տոն էր: «Ժամանակաշրջան էր, երբ չէին գործում այն պայմանականություններն ու կարգը, որը կար երկրում: Թագավորների, իշխանների, եպիսկոպոսների իշխանությունը երկու շաբաթով անցնում էր ժողովրդին»: Ուտիս տատը կարմրաթուշիկ, թմբլիկ տիկնիկ էր: Նա, շերեփը ձեռքին, շրջում էր բոլոր տեղերով, կերակրում մարդկանց: Ասում էր՝ զորացրեք ձեր մարմինը, որ առողջ լինեք ու դիմանաք պասի զսպվածությանը: Ժողովրդական վարպետի խոսքերով, տոնի ավարտից հետո տիկնիկին գլորում էին ձորը կամ ջուրն էին գցում, որից հետո պետք է գար հաջորդ կերպարը:

Խստահայաց Պաս պապը Ուտիս տատին հակադրվող տիկնիկն էր ու Մեծ պասի կարեւոր բաղադրիչներից: Այս տիկնիկը գալիս էր կարգը պահելու, ժուժկալության եւ պահեցողության, մարմնին նեղություն տալու, հոգուն զորացնելու համար: Պաս պապը հայտնվում էր տանը` Ակլատիզի տեսքով: «Այն խաչափայտի վրա պապիկի կերպար էր` նիհար, սպիտակ մազերով, սպիտակ բեղերով, փափախը գլխին: Նրա միակ ոտքից կախված էր գլուխ սոխ: Սոխը վերածնության ու հարության խորհրդանիշ էր. քառասունինը օր տեւող պասի շրջանում այդ սոխը ծլում էր: Այդ սոխով պատրաստում էին «Ճլպուր» ապուր` միայն սոխից ու ջրից: Այն պահքի վերջին կերակուրն էր: Տիկնիկը պատրաստում էին մեծերը` երեխաներից թաքուն, որ երեխաները չտեսնեին: Ակլատիզը Պահքի երկուշաբթի օրը հայտնվում էր տանը ու հսկում էր, որ երեխաները չխախտեին պասը: Հղի կանայք իրավունք ունեին պաս չպահելու: Այս տիկնիկը ժուժկալության սիմվոլ էր, բայց, չգիտես ինչու, ավանդական տիկնիկների մեջ ամենաշատ անուններն ինքն ուներ. Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ-Խուլուճիկ, Մոռմոռոզ- Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ: «Ակլատիզը յուրօրինակ օրացույց էր. տիկնիկն ուներ 7 փետուր: Պատարագից տուն գալուց հետո ամեն շաբաթ հանում էին փետուրներից մեկը եւ հաշվում, թե ինչքա՞ն է մնացել Զատիկին»,-մանրամասնում է Լալա Մնեյանը: Ապա հավելում է, որ Ակլատիզը հսկում էր պահքը, ու վայ նրան, ով կխախտեր. նա իր` թեւերից կախված քարերով կխփեր կամ էլ կարմիր կծու պղպեղով կկծկծացներ նրանց: Երբ Մեծ պասն ավարտվում է, Որոջբեկն էլ է ունենում նույն ճակատագիրը, ինչ Ուտիս տատը:

Ծիսական տիկնիկներից Վիճակի Արուսն էլ մեզ կպատմի Համբարձման տոնի մասին: Նա հարսնացու աղջկա կերպարով էր: Հագին ուներ տարազ, գլխաշոր ու զարդեր: «Երիտասարդ աղջիկները 7 աղբյուրից ջուր էին հավաքում ու լցնում փարչի մեջ: Հավաքած ծաղիկներից Ծաղկամեր էին պատրաստում ու դնում փարչի մեջ, իրենցից էլ ինչ-որ նշան` ականջօղ, ապարանջան, մատանի»,-հավելում է ժողովրդական վարպետը: Հաջորդ օրը գնում էին դաշտ, շուրջպար էին բռնում: Մի անմեղ աղջնակի երեսին քող էին քաշում, նա փարչից հատ-հատ հանում էր աղջիկների զարդերն ու գուշակության խաղիկներն էին երգում:

Հայկական մշակույթի մաս կազմող ծիսական տիկնիկներն այսօր մոռացվել են, իրենց հետ մոռացվել են պատմություններն ու այդ արարողությունները, երեւույթները:

 

ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ»

23.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031