Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանական ուսուցման «ճգնաժամը»

Մարտ 24,2018 12:30

Համալսարանական ավանդական ուսուցումը շուրջ վեցդարյա պատմություն ունենալով, ներկայումս կիրառություն է գտնում գրեթե անփոփոխ բաղադրիչներով: Մինչեւ այսօր էլ ուսանողները կանոնավոր խմբերով, ըստ սահմանված դասացուցակի, հաճախում են լսարաններ` իրենց ժամանակի զգալի մասը ծախսելով համալսարանական միջավայրում: Ինչպես անցյալում, ներկայում նույնպես չափազանց արժեւորվում են ուսանողների անմիջական շփումները պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որոնք ունեն ոչ միայն ուսուցողական, այլեւ դաստիարակչական նշանակություն:

Համալսարանում տիրող ակադեմիական միջավայրը միշտ էլ «հղկել է» ուսանողին, տալով նրան մտավորականին հարիր վարքագիծ, մարդ քաղաքացուն բնորոշ որակներ, մարդասիրական նկրտումներ: Այս առումով, համալսարան հաճախելը դեռեւս միջին դարերից մինչեւ մեր օրերը` պատվաբեր է եւ ակադեմիական հպարտություն յուրաքանչյուր անհատի համար: Սակայն դրան զուգահեռ, մեր օրերում բուհ հաճախելու այդ միտմանը հակադարձում է առցանց ուսուցումը, որը ուսանողին տալով մասնագիտական որակներ, կարծես հեռացնում է նրան ակադեմիական միջավայրում կենդանի շփումներից եւ կրթությունը փոխադրում է համացանց, իսկ դասընթացները` էլեկտրոնային ոլորտ:

Եվ ստացվում է այնպես, որ ավանդական համալսարանական կրթությունը, վերոնշյալ իր առավելությունների հետ մեկտեղ, ներկայումս կարծես «ճգնաժամ» է ապրում, քանի որ մոլորակի վրա տարեցտարի աճում է հեռավար ուսուցման ծրագրերում ընդգրկվող ուսանողների թիվը, որոնք համեմատաբար պասիվ հաճախումներ են ունենում բուհեր եւ նախընտրում են ուսուցանվել էլեկտրոնային միջավայրում:

Համալսարանական ավանդական ուսուցման ներկայիս «ճգնաժամը» ունի մի շարք պատճառներ: Նախ, եթե նախկինում համալսարանը հանդիսանում էր որպես գիտելիքի աղբյուր եւ իմացաբանության դարբնոց, հիմա արդեն այդ դերը բուհը աստիճանաբար զիջում է համացանցին: Եթե նախկինում ուսանողների՝ համալսարան հաճախելու առանցքային շարժառիթը գիտելիք ձեռքբերումն էր, հիմա դա հնարավոր է առավել լայնամասշտաբ եւ արագընթաց ճանապարհով ստանալ համացանցից, որտեղ, ի դեպ, տարեցտարի կտրուկ ավելանում է ինչպես տեսական, այնպես էլ կիրառական տեղեկատվության շրջանակը: Եվ պատահական չէ, որ ժամանակակից պայմաններում պրոֆեսորադասախոսական անձնակազմը զանգվածային գիտելիքահենք տեղեկատվության տրամադրման առումով չի կարող «մրցել» համացանցի հետ:

Բացի այդ, տեղեկատվական հասարակության դարաշրջանում ձեւավորված գիտելիքները առավել արագորեն են հնանում, քան ոչ վաղ անցյալում: Եվ եթե ինդուստրիալ հասարակությունում համալսարանական ուսումնառության չորս-հինգ տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները շրջանավարտները օգտագործում էին տասնյակ տարիներ, ապա ներկայումս` դեռեւս բուհը չավարտած, ուսումնառության իմացաբանական տեղեկատվությունը հաճախակիորեն սկսում է հնանալ եւ չհամապատասխանել աշխատաշուկայի պահաջների դինամիկ փոփոխություններին: Եվ ստացվում է այնպես, որ համալսարան հաճախելը եւ տարիներով սովորելը «արագորեն հնացող գիտելիքների» ձեռքբերման որոշակի ռիսկեր է պարունակում, ուստի բուհում անհատի ներկայության պահանջը հենց այդ առումներով դառնում է ոչ արդիական:
Անհատի սոցիալական մեկուսացումը, որը առավել ցցուն դարձավ տեղեկատվական հասարակարգում, նույնպես նպաստեց համալսարանական ավանդական ուսուցման ճգնաժամի խորացմանը: Ներկայումս, երիտասարդները իրենց ժամանցի զգալի մասը անցկացնում են համացանցում, մասամբ նախընտրելով էլեկտրոնային, եւ ոչ թե կենդանի ընկերային շփումները: Բնականաբար, սոցիալական մեկուսացման ձեւավորված իրավիճակը որոշակիորեն գրավիչ է դարձնում ոչ թե ավանդական, այլ համացանցային ուսուցումը: Բնավ չեմ ցանկանում տուրք տալ առցանց ուսուցմանը, բայց կրթական ծառայությունների ապագան տեսնում եմ հեռավար ուսուցման համակարգում, ուստի կարծում եմ, որ մրցակցային կդառնան այն բուհերը, որտեղ արագորեն կներդվեն առցանց կրթական տեխնոլոգիաներ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

23.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշաննա Թևանյան says:

    Նշված կետերին հիմնականում համաձայն եմ, սակայն եթե բուհական մեթոդները, դասախոսների պատրաստվածությունը և դասը վարելու ձևը բավարար լինեն, առցանց ուսումը մրցակցությունից հաղթանակած դուրս չի գա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031