Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության, տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, մարզպետարանների, քաղաքապետարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատանքային խմբի նիստին իր բացման խոսքում ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը խոսեց մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հայտնաբերման ու արատավոր երևույթներից նրանց զերծ պահելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքի մասին, ներկայացվեց նաև վիճակագրություն։ Այս տարի մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տեղափոխվել 16 անչափահասներ։
Քննարկման առարկա դարձավ մուրացկանությամբ զբաղվող յուրաքանչյուր երեխա։ Խոսվեց նրանց կրթության, ընտանեկան դրության, սոցիալական պայմանների մասին։
Աշխատանքային խմբի նիստին բարձրաձայնվեց կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և երեխաների խնդիրները։ Ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետերը մանրամասն ներկայացրին իրենց սպասարկման տարածքներում հայտնաբերված մուրացկանությամբ զբաղվող երեխաների, նրանց հետագա ճակատագրի, կրթության վերադարձնելու խնդիրները։ Այս ուղղությամբ իրենց առաջարկները ներկայացրին քաղաքապետարանների ու մարզպետարանների ներկայացուցիչները։
Նշենք նաև, որ մարտի 21-ին և 22-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության և տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն իրականացրել են ստուգայց-շրջագայություններ, որոնց ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվեցին անչափահասներ, որոնք զբաղվում էին մուրացկանությամբ։
Նման միջոցառումներ իրականացվում են հանրապետության ողջ տարածքում, իսկ մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների խնդիրը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այս երևույթին հակազդելու գործում ոստիկանության և մյուս գերատեսչությունների պայքարն ամենօրյա ու շարունակական է։
Մանրամասներին կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։
ՀՀ ոստիկանություն