Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին հանդես եկավ նաեւ Դավիթ Եղիազարյանը, որը «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանի եղբայրն էր:
«Ազատ անկախ Հայաստանին հասնելու համար պետք է ստեղծել նոր համակարգ, որը հիմնականում պետք է ստեղծել երիտասարդության շնորհիվ… Ցավոք, Հայաստանում կա մթնոլորտ, որի պատճառով իշխանությունը ստորացրել է ժողովրդին, մինչդեռ իշխանությունը պետք է ծառայեր ժողովրդին»:
Նա կոչ արեց բոլոր երիտասարդներին մեկ բռունցք դառնալ եւ տեր կանգնել երկրի ապագային. «Տղաներն այսօր բանտերում են ոճրագործ իշխանությունների պատճառով… Երիտասարդներին կոչ եմ անում լինել պահանջատեր, տեր կանգնել երկրին հանուն եռագույնի»:
Նրա ելույթից հետո ցուցարարները հաղթանակ վանկարկեցին:
Դավիթ Սանասարյանն էլ ելույթում նշեց. «Իրենք ուզում են, որ ամեն առիթով մարդկանց մեջ պրոբլեմ սարքեն, որպեսզի տեղի չունենա այն, ինչ ցանկանում ենք: Ամեն ուժ ինքը կորոշի, թե ինչ է անում, բայց ժողովուրդը մի բան է ուզում, որ բոլորը միասնական, կոնկրետ գործողություններով հասնենք հաջողություն: Եկեք չվիրավորենք նրանց, ովքեր այլ կարծիք ունեն: Մեր թիրախը Սերժն է եւ համակարգը: Համակարգի անունը Սերժ Սարգսյան է, այդ համակարգի համար է կարվել Սահմանադրություն, բոլոր օրենքները դրա համար են: Իրենք վախեցած են, բայց ասում են, որ ժողովուրդն է վախեցած…»:
Նա անդրադարձավ նաեւ «Մերժիր Սերժին» երիտասարդական երթին: Կոչ արեց բոլորին մասնակցել. «Վստահ եմ, որ բոլորդ երիտասարդ եք»:
Սանասարյանի ելույթի ընթացքում մարդիկ վանկարկում էին «Մահ ռեժիմին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ