«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությանը, թե ճակատը կողմ է ՔՊ-ի հետ համատեղ պայքարելուն:
«Ճակատից տարբեր կարծիքներ են հայտնել մինչ օրս: Քանի դեռ նրանք միասնական տեսակետ չունեն, մենք չենք կարող պատասխանել: Սա սկզբունքային հարց է, ոչ թե անձնական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՔՊ-ն դեմ է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուն եւ այդ նպատակով ապրիլի 9-ից 17-ը նախաձեռնելու է քաղաքական շարժում:
Թե որ քաղաքական ուժերի հետ գործակցությունը կլինի ոչ ցանկալի, Նիկոլ Փաշինյանը մատնանշեց՝ սադրիչների: Փաշինյանը նաեւ մեկնաբանեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի՝ իր հասցեին ասված խոսքերը: Հիշեցնենք՝ «ծռերի» գործով հրապարակվում են ՊՊԾ գունդը գրավածների հեռախոսազրույցների գաղտնալսումները: Նրանցից մեկում Մանուկյանը կոչ է անում Փաշինյանին չլսել ու նրան «նետել աղբամանը»:
«Հատուկ նպատակով են այդ գաղտնալսումներն այս օրերին հրապարակվում, բայց ոչ մեկի մոտ հարց չի ծագում՝ ինչպե՞ս եղավ, որ ես հուլիսի 21-ին գնացի Խորենացի ու քաղաքական ճանապարհային քարտեզ առաջարկեցի, իսկ հաջորդ օրը լրատվամիջոցների համար ՊՊԾ գնդի դռները բացվեցին, իսկ խոսակցության օբյեկտը ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ ես ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,-հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «հիմա էլ եք պնդո՞ւմ, որ ՔՊ-ն է միակ ընդդիմությունը, ինչպես Խորենացի փողոցի հարթակից էիք ասում»: Փաշինյանը պատասխանեց. «Ես երբեք նման բան չեմ ասել: Ասում եմ՝ մեկ իշխանության դիմաց պետք է լինի մեկ ընդդիմություն: Դա ինստիտուցիոնալ ընդդիմության տեսլականն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ