Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոգեբուժարաններում արձանագրված խախտումներն անվիճելի են. ՄԻՊ

Մարտ 23,2018 18:22

Իրականությանը չեն համապատասխանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները:

Պաշտպանի աշխատակազմը վերահաստատում է նշված կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և այլն:

Մասնավորապես՝

  • Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում բացահայտված բոլոր խախտումներն այցի ավարտին, ինչպես պահանջում են միջազգային կանոնները, ներկայացվել են նույն կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին:
  • Դրանից հետո, այցի գրավոր արդյունքները՝ անհրաժեշտ վերլուծությամբ, Պաշտպանի կողմից ուղարկվել են Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Առողջապահության նախարարություններ:
  • Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացած պարզաբանումների համաձայն՝ ժամկետանց դեղորայքի փաստը հաստատվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի հրամանով, և համապատասխան աշխատակիցը տնօրենի նույն հրամանով ենթարկվել է խիստ նկատողության: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի 60-րդ էջում: Խիստ նկատողության վերաբերյալ Պաշտպանին է ներկայացվել նաև տնօրենի հրամանի քաղվածքը՝ նրա մակագրությամբ:
  • Զսպման միջոցների հետ կապված՝ վերահաստատում ենք արտահերթ զեկույցում տեղ գտած պնդումն այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել են ֆիզիկական զսպման ապօրինի միջոցներ՝ բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ (զեկույցի 43-րդ էջը)։

Նախ, Առողջապահության նախարարի առկա հրամանով և, այն էլ անհատական բնույթի, չի կարող կարգավորվել զսպման միջոցներին կամ դրանց կիրառությանն առնչվող որևէ հարց: Դա անհրաժեշտ է կարգավորել բացառապես օրենքի մակարդակով: Անգամ, եթե նախարարի հրամանը պայմանական ընդունենք որպես հիմք, միևնույն է գոտիները չեն համապատասխանում դրա պահանջներին. ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն պացիենտին:

Գոտիների բարդ կառուցվածքի և կողպեքների բացման ու փակման դժվարությունների ակնհայտ օրինակ է նաև հարցազրույցին կից տեսանյութը, որտեղ ակնհայտ երևում է կողպեքի բացման բարդությունը: Ինչ վերաբերում է սավանները՝ որպես զսպման մեխանիկական միջոց օգտագործելուն, ապա զեկույցում հստակ նշված են հոգեբուժական այն կազմակերպությունները, որտեղ առկա է նման խնդիր: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն այդ ցանկի մեջ չէ:

Շեշտում ենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական կազմակերպություններում ծեծի ենթարկելու վերաբերյալ զեկույցում որևէ նշում առհասարակ առկա չէ:

  • Վճարովի ծառայությունների մասին խոսելիս, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հիշատակում է միայն առանձին պալատների և տեղեկանքների համար վճարները:

Զեկույցում արձանագրված է, որ այդ կենտրոնի տնօրենի կողմից սահմանված բժշկական ծառայությունների գնացուցակում ընդգրկված են, օրինակ, Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշմամբ ամրագրված այնպիսի անվճար ծառայություններ, ինչպիսիք են հոգեկան հիվանդների բուժումը, հոգեբույժի և հոգեբանի խորհրդատվությունը և այլն: Հետևաբար, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ վճարովի ծառայությունների ցանկում դրանց նախատեսումը տնօրենի կողմից ապօրինի է:

  • Կին պացիենտների ամենօրյա խնամքը տղամարդ սանիտարների կողմից իրականացնելը կոնկրետ իրավիճակում նսեմացնում է մարդու արժանապատվությունը:

Խոսքը վերաբերում է ոչ թե բժիշկներին, այլ հոգեբուժական կազմակերպության այն անձնակազմին, ով ապահովում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա խնամքը և անձնական հիգիենան:

  • Պաշտպանի ներկայացուցիչների՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի պահին տղամարդկանց բաժանմունքի ճաշասրահում տեղադրված սեղանները և նստարաններն ակնհայտ չեն բավարարել պացիենտների թվին: Դա հաստատել են ինչպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, այնպես էլ կենտրոնի աշխատակիցները:

Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած բոլոր խախտումները հիմնված են պրոֆեսիոնալ հետազոտությունների վրա՝ հիմք ընդունելով ոլորտի միջազգային պահանջները և դրանց հիման վրա մշակված ուղեցույցի կանոնները:

Մշտադիտարկման ենթարկված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում հայտնաբերված խախտումների փաստերը հիմնավորող նյութերն ուղարկվել են իրավասու պետական, այդ թվում՝ իրավապահ մարմիններին:

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին առնչվող խախտումները ևս մեկ անգամ հիմնավորող սույն հրապարակային արձագանքով դրանց վիճարկման հարցը համարում ենք փակված:

Զեկույցում տեղ գտած խախտումները հերքող կամ արդարացնող փորձերի փոխարեն անհրաժեշտ է անհապաղ և հետևողական աշխատանք սկսել դրանք վերացնելու ուղղությամբ:

 

Հայաստանի Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031