Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը պահանջում է վերացնել քրեական գործ չհարուցելու որոշումը

Մարտ 23,2018 17:57

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

23.03.2018թ.

Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու 16 փետրվար 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտԱ. Ոսկանյանի որոշման դեմ

 

Բողոք

Համաձայն 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման՝ 2017 թվականի փետրվարի 13-ին հաղորդում, այնուհետև նաև բացատրություն է տրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Վլադիմիրի Մակարյանն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի 5-րդ հարկում՝ նիստերի դահլիճում, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանն իրենց հետ նիստերի դահլիճ են տարել անհայտ ծագման նյութով լցված տարաներ, իսկ նրանցից մեկը, ձեռքում պահած տարան, քայլել է դեպի ամբիոն, սակայն ներկաների միջամտության արդյունքում տարան նետել է գետնին և դրանում առկա նյութը թափվել է հատակին, ինչի արդյունքում խախտվել է նիստի բնականոն ընթացքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտվել նիստի մասնակիցների նկատմամբ:

Նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ՝ Նաիրա Միհրանի Նահապետյանն ու Աստղիկ Արմենի Գևորգյանը:

Այսպիսով, հետաքննություն իրականացնող մարմինը եկել է այն համոզման, որ Սերգեյ Մակարյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակության և դրանում հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալների առկայության հարցի ստուգմամբ՝ պարզել է, որ առերևույթ առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելու միջոցով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտման հատկանիշներ:

Գտնում եմ 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը անօրինական և անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից շենքերի բնակիչները 2018 թվականի փետրվարի 12-ին փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Բողոքի նման ակցիայի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարիներ շարունակ վթարային իրավիճակում գտնվող կոյուղին էր, որի խցանված լինելու հետևանքով տարածքում գարշահոտություն էր և հակասանիտարական վիճակ: Նույն օրը դեպքի վայր էր եկել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, և քաղաքացիների խնդրանքով վերջինս խնդիրը պետք է բարձրացներ Երևանի ավագանու նիստում:

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստին քաղաքացիների կողմից իրենց ուղղված բողոքը տեղ հասցնելու նպատակով կոյուղաջրով (տիղմով և հեղուկով) տարաներ էին բերել, որի պարունակությունը վերցրել էին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոսող կոյուղաջրերից:

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրերի տարաները ցուցադրելու ժամանակ ենթարկվել են հարձակման Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից:

Երևանի ավագանու նիստում (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ իրականացվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների հանցակազմերով ՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածը սահմանում է մարդուն առևանգելը.

«1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

7) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով»:

 

Նույն օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է սեքսուալ բնույթի բռնի գործողությունները.

 

«1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝0

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝

1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,

3) կատարվել են անչափահասի նկատմամբ,

4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`

5) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

6) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը.

«1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Նույն օրենսգրքի 161-րդ հոդվածը սահմանում է միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը.

«1. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որն առաջացրել է միավորման կամ կուսակցության իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Նույն օրենսգրքի 308-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը.

«1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Սույն օրենսգրքի 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով պաշտոնատար անձինք են նաև՝

1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները»։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 301.1. հոդվածի՝ խոշտանգումը. 

«1. Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

4) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

5) առանձին դաժանությամբ,

6) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

7) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը սահմանում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը.

«1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»:

2018 թվականի փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած դեպքերը և վերը նշված հոդվածների վերլուծությունը ցույց են տալիս, որ Երևանի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի նիստն ընթացել է օրենքի պահանջների խախտմամբ՝ առաջացնելով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված պատասխանատվություն, մասնավորապես՝ Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չկատարելով որպես Երևանի ավագանու նիստը վարողի պարտականությունները՝ նիստի բնականոն ընթացքը ապահովելու համար չի ղեկավարվել Երևանի ավագանու կանոնակարգի 121,122, 123 կետերի պահանջներով, ինչն էլ առաջացրել է պաշտոնական դիրքի չարաշահում:

Այսպես՝ տեղի է ունեցել բռնություն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ տիկին Սոննա Աղեկյանի հանդեպ: Այնուհետև Տարոն Մարգարյանը հրահանգել է իր աշխատակազմի և խմբակցության անդամներին հարձակվել տիկին Մարինա Խաչատրյանի վրա՝ նշելով «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ …» (տես՝ https://www.rferl.org/a/yerevan-city-council-fight/29037839.html):

Տարոն Մարգարյանի արձակած ապօրինի հրահանգից հետո Մարինա Խաչատրյանի վրա են հարձակվել Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նրանք բռնի ուժ են կիրառել Մարինա Խաչատրյանի նկատմամբ, այնուհետև գետնին են թափել վերջինիս ձեռքերի տարաների պարունակության մի մասը։ Մարինա Խաչատրյանը դրանից հետո Տարոն Մարգարյանին նորից բացատրել է իրականացված ակցիայի էությունն ու նպատակը՝ մասնավորապես նշելով, որ կոյուղաջրերով տարաները Տարոն Մարգարյանին որպես նվեր են ուղարկել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները, որպեսզի նա անձամբ ըմբոշխնի այդ անտանելի գարշահոտը, ապա փորձել է այդ հեղուկով և տիղմով տարան դնել Տարոն Մարգարյանի սեղանին: Այս ընթացքում Տարոն Մարգարյանը հրահանգել է կանչել ոստիկաններին՝ «Արա, ոստիկանություն կանչեք»: (տես՝ https://www.facebook.com/arman.gharibyan/videos/10213814421787758/ ):

Իսկ երբ արդեն Մարինա Խաչատրյանի և Սոննա Աղեկյանի կողմից ցուցադրված տիղմով և հեղուկով տարաները խլված էին, տեղի է ունեցել հարձակման հաջորդ փուլը, որը կրել է պատժիչ բնույթ և դրսևորվել Տարոն Մարգարյանի կողմից գլխավորած խմբակի կողմից հետևյալ գործողություններով՝ սեքսուալ բնույթի գործողություն և ծեծ Մարինա Խաչատրյանի նկատմամբ, ապա և՝ Մարինա Խաչատրյանի ու Սոննա Աղեկյանի նկատմամբ բռնության գործադրմամբ ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու խոչընդոտ, նաև Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների՝ Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի և Սոննա Աղեկյանի նկատմամբ հոգեբանական ճնշման գործադրում հոգեբուժարանից ինչ-որ բուժակների ներգրավելու միջոցով նրանց սպառնում՝ իրենց աշխատավայրից հեռացնելու ցանկությամբ:

Այսպես՝ Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամները Մարինա Խաչատրյանին քարշ տալով դեպի ավագանիների համար նախատեսված նստատեղերի երրորդ շարք բռնի գործողություններ են իրականացնում: Էդմոնդ Կիրակոսյանը նախ դիմում է բռնի սեքսուալ գործողությունների Մարինա Խաչատրյանի նկատմամբ, այն է՝ երբ Մարինա Խաչատրյանը կանգնած էր դեպի մեջքով իրեն, ձեռք է տվել վերջինիս կրծքերին:

Վերջինս, դիմելով ինքնապաշտպանության, ապտակում է Էդմոնդ Կիրակոսյանին: Դրան ի պատասխան՝ Էդմոնդ Կիրակոսյանն ուժգին ապտակում է Մարինա Խաչատրյանին:

Այս ընթացքում Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության մեկ այլ անդամ՝ Վասպուրակ Մարտիրոսյանը, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով, ուժգին կերպով ետևից քաշում է Մարինա Խաչատրյանի մազերը: Այս ամենից զատ` Տարոն Մարգարյանի խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանը, ում անունը նույնպես արծարծվում է մի շարք հանցագործությունների կատարման շրջանակներում, բռնի կերպով և բացահայտ առևանգում է Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից:

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ձեռք է բարձրացրել Մարինա Խաչատրյանին հարվածելու նպատակով, սակայն նրա համախոհները կանգնեցրել են նրան՝ ավելի ստոր քայլի դիմելու մտադրությամբ։

Այդ միջոցին Տարոն Մարգարյանը, ի վիճակի չլինելով վերահսկել իրավիճակը կամ չցանկանալով միջամտել ծեծկռտուքին, բարձրախոսով հայտարարել է ընդմիջում և հեռացել նիստերի դահլիճից։

Միաժամանակ, հարձակման են ենթարկվել լրագրողները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի կողմից։

Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների բարձր կամային հատկանիշների շնորհիվ նրանց հաջողվել է վերադառնալ ավագանու նիստերի դահլիճ, որտեղ նրանք հայտնաբերել են, որ իրենց անձնական իրերը գողացվել են։ Արդեն դահլիճ ժամանած քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող և քաղաքային բյուջեից աշխատավարձ ստացող ոստիկաններից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պահանջել են պարզել գողերին, վերադարձնել իրենց անձնական իրերը և կազմել արձանագրություն հանցագործության վերաբերյալ։ Սակայն ներկա ոստիկանները դրսևորել են կատարյալ անգործություն, հրաժարվել են կազմել արձանագրություն և ցանկացել են դահլիճից դուրս բերել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին։

Մինչ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր հեռախոսով տեսանկարահանում էր ոստիկանների անգործությունը և ՀՀԿ-ականների ագրեսիվ վարքագիծը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը հարվածել է Մարինա Խաչատրյանի հեռախոսին, այն վայր է գցել և կոտրել։ Որից հետո Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը հափշտակել է Մարինա Խաչատրյանի կոտրված հեռախոսը։ Ընդմիջման ժամանակ Մարինա Խաչատրյանին է մոտեցել մազերի կարճ կտրվածքով քաղաքապետարանի մի հավաքարար և կոյուղաջրով լի տարաներից մեկը դատարկել վերջինիս կոշիկներին։

Իրադարձություններից մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանում Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԻ-ից ինչ-որ հոգեբուժ-բուժակներ: Անհրաժեշտ է ընդգծել, որ դեպքի վայր ժամանած բուժակները նշեցին, որ զանգ են ստացել փակ համարից: Սա ևս տեղի է ունեցել օրենքի պահանջների խախտմամբ: Ամենայն հավանականությամբ, ժողովրդավարական սկզբունքներից անգրագետ Տարոն Մարգարյանը և նրա թիմակիցներն անգամ տարրական մակարդակի գիտելիքներ չունեն առողջապահական և բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու կարևորության մասին, և ոչ միայն թույլ են տվել ապօրինի գործողություններ, այլ նաև ունեցել են աջակիցներ՝ ի դեմս ոստիկանների և հոգեբուժ-բուժակների:

Այս դեպքը առաջացրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 301.1. հոդվածի՝ որպես խոշտանգում որակումը, քանզի բուժակներից մեկը դիպել է Սոննա Աղեկյանի թևին, իսկ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին ասել, թե՝ «Սրանց տարեք էստեղից, իսկ հոգեբուժ-բուժակները ասել են, որ պետք է զրուցեն մեզ հետ»:

(տես՝ https://www.facebook.com/simonyanalen/videos/1461777123949339/):

Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԻ-ից ինչ-որ հոգեբուժ-բուժակներ ժամեր շարունակ հերթապահել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների թիկունքում, նպատակ ունենալով հոգեբանական ազդեցություն ունենալ նրանց վրա և նրանց ցավ պատճառել:

Նիստից հետո վերադառնալով իրենց աշխատասենյակ՝ Զարուհի Փոստանջյանն արձանագրել է, որ իրենց աշխատասենյակ աղբ են լցրել հավաքարարները, իսկ միջանցքում կոյուղաջուր է թափված եղել: Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանները, սակայն նրանք նշել են, որ չեն կարող ներկայանալ և ենթարկվում են քաղաքապետարանի աշխատակազմին (տես):

Քաղաքապետարանում տեղի ունեցած վայրագությունները դատապարտելու համար՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: Սակայն վերջիններիս արդար պահանջը հանգեցրեց քաղաքապետարանը պաշարած ոստիկանական խմբերի կողմից բռնությունների իրականացմանը:

Դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, քաղաքապետարանի տարածքն առանց որևէ իրավական հիմնավորման պաշարած ոստիկաններն արգելել են տիկին Զարուհի Փոստանջյանի ծառայողական մեքենայի մուտքը Երևանի քաղաքապետարանի տարածք: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Տարոն Մարգարյանի այս կամայական որոշումը կրում է խտրական բնույթ, քանզի նման որոշումն ուղղված է եղել միայն տիկին Զարուհի Փոստանջյանի կողմից ղեկավարվող խմբակցության ծառայողական մեքենային

Փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտվել է՝ արգելվել է «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի դրույթներով՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար տիկին Զարուհի Փոստանջյանը 13.02.2018 թվականին դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով հարուցել քրեական գործ կատարված դեպքերի առնչությամբ, սակայն ի հակառակ այս ամենի, առկա փաստերի և ստեղծված իրադրության պայմաններում, խտրական վերաբերմունք ցուցաբերելով, վարույթն իրականացնող մարմինը մերժել է 13.02.2018 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով քրեական գործ հարուցելը (ցուցաբերել է անգործություն):

Հանդիսանալով Երևան քաղաքում իշխանության ներկայացուցիչներ՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը և Սոննա Աղեկյանը, որպես ավագանու անդամներ իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, փետրվարի 13-ին ներկայացրել են Երևանի բնակիչների խնդիրը ավագանու նիստի ժամանակ, որի ընթացքում, որպես իշխանության ներկայացուցիչներ, ենթարկվել են բռնության՝ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների և Տարոն Մարգարյանի աշխատակազմի աշխատակիցների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները խախտել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների մի շարք հիմնարար իրավունքներ և ազատություններ, որոնց պաշտպանությունը պետք է լիապես երաշխավորվի Հայաստանի Հանրապետության կողմից, բացի այդ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների և Տարոն Մարգարյանի աշխատակազմի աշխատակիցների գործողությունները հանգեցրել են քրեական հետապնդման վերը նշված մի շարք հոդվածների կանոններով:

Այսպիսով, հետաքննության մարմնի նման որոշումը չի բխում վերը նշված նորմերից, անհիմն է և ոչ օրինական: Եվ քաղաքապետարանում տեղի ունեցած 2018 թվականի փետրվարի 13-ի դեպքը սովորական երևույթ չէր և հետաքննության մարմինը առերևույթի փոխարեն պետք է վերջինիս այլ որակում տար:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով, պահանջում եմ՝ վերացնել քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու 16 փետրվար 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը:

 

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031