Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այդ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած» է լինելու». Փաշինյան

Մարտ 23,2018 17:43

«Մյուս շաբաթ մենք կներկայացնենք մեր գործողությունների ծրագիրը: Հույս ունենք, որ մեր գործողություններով էներգիա կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին: Մեզանից կախվածը կանենք: Ով քայլ ունի անելու՝ թող գա՝ անի»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն դեմ է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուն եւ այդ նպատակով ապրիլի 9-ից 17-ը նախաձեռնելու է քաղաքական շարժում: «Այն ուղղված է ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի: Ըստ անհրաժեշտության՝ այն կարող է ներառել քաղաքացիական անհնազանդության բոլոր քաղաքակիրթ ձեւերը»,-ներկայացնելով պայքարի հնարավոր տարբերակները՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք դեմ են բռնությանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու դեռեւս Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չպայքարեց Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Փաշինյանը պատասխանեց. «Ես դեռ այն ժամանակ ասել եմ, որ այդ ամենն արվում է իշխանության վերարտադրման համար: Վերարտադրության դեմ պետք է պայքարել բուն վերարտադրության գործընթացի ժամանակ: Սա վճռական ճակատամարտ է: Մենք ի վիճակի ենք պայքար կազմակերպել: Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը, քան նախորդով: Այդ օրերին Սերժ Սարգսյանը չի ունենալու պաշտոն, Ոստիկանության եւ ԱԱԾ-ի հրամանատարի կարգավիճակ, կառավարություն էլ չի լինելու: Այդ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած» է լինելու: Ժողովուրդը ցանկանա՝ կվերցնի»:

Հարցին՝ ինչո՞ւ է վստահ, որ ոստիկանությունը, միեւնույնն է, չի կատարի Սերժ Սարգսյանի հրամանները, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Քրեական օրենսգրքում նախագահի կարգավիճակն ապօրինի ձեւով պահելու մասին հոդված կա: Եթե որեւէ մեկը նախագահի կարգավիճակ չունի եւ նման գործողություններ է կատարում, համարվում է հանցագործ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031