Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի տուն թանգարանում մարտի 22-ին մանկական գրքի շնորհանդես էր։ «Լույսը լուսացավ, բարին շա՜տ շատացավ» գիրքը նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար։ Նկարազարդ էջերը ընթերցողին կուղեկցեն տարվա եղանակներով և հնարավորություն կտան գտնել փոքրիկ գաղտնիքներ։ Երեխաները ցուցադրեցին մի քանի մատնախաղ գրքից։
Թանգարանի տնօրեն տիկին Անահիտ Ասատրյանը հյուրընկալել էր «Դեղին Արտույտ» մանկապարտեզին։ Հեղինակ Անի Բարսեղյանը ներկայացրեց գրքի նպատակը։ Բանաստեղծությունները կօգնեն երեխաների օրը լցնել սիրով և խաղով։
Իսկ նկարիչ Օլգա Սարոյանը պատմեց նկարների մասին, որոնք ցույց են տալիս տարվա շրջապտույտը։
Գրքի ստեղծմանը սատարել են «Դեղին Արտույտի» սաների ծնողները: Նրանց օգնությամբ է գիրքը տպագրվել։ «Լույսը լուսացավ, բարին շա՜տ շատացավ» գիրքը կարող եք ձեռք բերել նաև գրախանութներում:
Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ