Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր հանձնաժողովը հաղթող ճանաչեց Հռիփսիմե Առաքելյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել չորս թեկնածու:
Հիմնվելով մրցութային հանձնաժողովի որոշման և հաղթած թեկնածուի համապատասխան դիմումի վրա, պետական թատրոնի տնօրենի նշանակումը կատարում է ՀՀ մշակույթի նախարարը։
—
Հռիփսիմե Առաքելյանը ծնվել է 1978 թվականին, Երևանում:
2000 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը, 2008-ին՝ Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը (Հանրային կառավարման մագիստրոս):
Աշխատել է «Ար», «Հայ TV», «Կենտրոն», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում, զբաղեցրել է բարձր պաշտոններ:
2011-2016թթ. ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը: 2016-ի դեկտեմբերից մինչև 2017 –ի օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Շուրջ վեց ամիս մարքեթինգային գործունեություն է իրականացրել Հորդանանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: