Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտոր. «Ծառայությունների կենցաղային մակարդակում «ահավոր» հետամնաց ենք»

Մարտ 23,2018 16:33

«Որքան էլ մենք գլուխ գովենք եւ ասենք, որ հին ժողովուրդ ենք, որ մենք ունենք պատմական արժեքներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, այնուամենայնիվ, ծառայությունների կենցաղային մակարդակում մենք ահավոր հետամնաց ենք»,-այսօր ԵՊՀ-ի ուսանողներին ու միջոցառմանը ներկա հյուրերին ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի հիմնախնդիրները, ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Պարոն Սիմոնյանը տուրիզմի ոլորտի ապագա մասնագետներին ու ոլորտի պատասխանատուներին հորդորեց ոլորտի խնդիրներին լուրջ մոտենալ, համակարգային լուծումներ տալ, քանի որ ծառայություն մատուցելը, մանավանդ զբոսաշրջության բնագավառում, ելնում է երկրի կենսական շահերից:

ԵՊՀ ռեկտորի խոսքն ուղղված էր նաեւ միջոցառմանը հրավիրված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին, որոնք, սակայն, այդպես էլ չեկան: «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտագործնական քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ծառայությունների ոլորտում որո՞նք են զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտները մեր երկրում: Պարոն Ապրեսյանի խոսքով, կադրերի ընտրության հարցը կարեւոր է, որպեսզի կարողանանք աճող պահանջարկը բավարարել: Մեխակ Ապրեսյանը գտնում էր, որ մատուցողից սկսած՝ պիտի վերապատրաստվեն, քանի որ «մատուցողը միայն ճաշատեսակը տանող-բերողը» չէ, այլ՝ «հանրային սննդի ոլորտում նրանք յուրովի զբոսավարներ են»:

Արամ Սիմոնյանի խոսքով, մեր երկրի զարգացման համար տուրիզմը հատկանշական ոլորտ է, բայց դրա համար պետք է ունենանք քաղաքակրթված լինելու որոշակի աստիճան. «Ցավոք, մենք չենք կարողացել այդ աստիճանին հասնել եւ այդ ուղու սկզբում ենք: Մենք շատ բան ունենք սովորելու աշխարհի շատ երկրներից ու ժողովուրդներից: Ծառայություն մատուցելը մեզանում պետք է ենթարկվի հիմնովին գաղափարական փոփոխության:
Մեխակ Ապրեսյանն էլ համոզված էր, որ հենց կրթական հաստատությունները պետք է հանդիսանան գիտավերլուծական կենտրոններ, որպեսզի կարողանան գիտական հետազոտություններ, վերլուծություններ իրականացնեն, դրանով կիսվեն հասարակության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի հետ, որպեսզի համատեղ ուժերով ապահովեն զբոսաշրջության կայուն զարգացում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հարգելի Լուսինե Բուդաղյան, «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտագործնական քննարկմանը մասնակցել եմ ես՝ Գևորգ Օրբելյանս, (Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ): Շատ արդյունավետ քննարկում էր իր յուրատեսակ ձևափափով: Եվ եթե մինչև վերջ դուք կամ Ձեր լրատվության գործակալությունից որևէ մեկը մնար մինչև վերջ այդ հանդիպմանը, ապա կլսեիք նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը և մոտեցումը տուրիզմի զարգացման ծրագրերի հետ կապված: Ինչպես նաև առավել լավ վերլուծական հոդված կհրապարակեիք:
    Շնորհակալություն , պարզապես տարօրինակ խորագիր եք ընտրել այս նյութի համար:

  2. Հարգելի Գեւորգ Օրբելյան, որեւէ մեկը չի ասել, որ Երեւանի քաղաքապետարանից ներկայացուցիչ չի եղել նշյալ գիտագործնական քննարկմանը: Խոսքն այն մասին է, որ լրատվամիջոցներին ուղարկված հրավերքում շեշտված էր, որ քննարկմանը ներկա են լինելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը: Ես արձանագրել եմ փաստը, որ նշյալ երկու պաշտոնյաները չէին եկել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031