Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անհայտ տղամարդը սուպերմարկետում մի քանի պատանդ է վերցրել: Տարածքում հնչած կրակոցներից վիրավորվել է մեկ ոստիկան, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Կարկասոն քաղաքում հրազենային վիրավորում է ստացել մեկ ոստիկան: Անհայտ անձը կրակ է բացել հերթապահությունից հետո բաժանմունք վերադարձող ոստիկանների խմբի վրա:
Միաժամանակ հաղորդագրություն է ստացվել, որ Կարկասոնից 8 կմ հեռավորության վրա՝ Տրեբ քաղաքի Super U սուպերմարկետում պատանդներ կան:
«Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում Տրեբի Super U սուպերմարկետի շրջանում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Պատանդներ վերցնելու միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:15-ի սահմաններում, լսվել են կրակոցներ: Ըստ ականատեսների՝ տղամարդն իրեն անվանել է «ԻՊ մարտիկ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ