Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրն ընդգծել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը

Մարտ 23,2018 14:55

ՄԱԿ ժնևյան գրասենյակի «UN Special» ամսագրում լույս է տեսել ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի հարցազրույցը

Մարտի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակի կողմից հրատարակվող «UN Special» ամսագրի մարտյան համարում լույս է տեսել Շվեյցարիայում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի ընդարձակ հարցազրույցը, որը կրում է «Առանձնահատուկ երեկո Վիկոտրիա հոլ սրահում» (An extraordinary evening at Victoria hall) խորագիրը` նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ․ նոյեմբերի 24-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված մեծ համերգին:

Հարցազրույցում դեսպան Ազնավուրն անդրադարձել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության կարևորությանը և կազմակերպության շրջանակներում Հայաստանի հանձնառությանը` իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միջազգային հանրության ջանքերին։ Շվեյցարիայում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին ՄԱԿ-ում և նրա գործակալությունների շրջանակներում ամենատարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքներին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը ՄԱԿ կանխարգելման օրակարգին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2015թ․ Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևին, որը ցեղասպանությունը դատապարտում է որպես մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություն։

Դեսպան Ազնավուրը ներկայացրել է նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունները, հայ-շվեյցարական դարավոր բարեկամության և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև իրականացվող ակտիվ համագործակցությունը:

Հարցազրույցում զգալի տեղ է հատկացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերին, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների վերջին գագաթնաժողովը Շվեյցարիայում հյուրընկալելուն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ հրամայականներին՝ կարևորելով զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ 1994թ․ և 1995թ․ ստորագրված եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանումը։ Այս կապակցությամբ, Ազնավուրն ընդգծել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված այս մեխանիզմների հաստատմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, որը «հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ միջոցառումը»։

 Հարցազրույցի էլեկտրոնային տարբերակը 

Տեղեկանք․ «UN Special» ամսագիրը ՄԱԿ ժնևյան գրասենյակի կողմից անգլերեն լեզվով տպագրվող ամսագիր է, որը հանդիսանում է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակին կից հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և Ժնևում գտնվող ՄԱԿ գործակալությունների աշխատակիցների շրջանակներում ամենաընթերցվող և մեծ հեղինակություն վայելող ամսագիրը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031