«Ինձ հետաքրքիր է՝ Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին իր հեռախոսազրույցներում ոչինչ չի՞ ասել, ինչի՞ չեն հրապարակում: Ես առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանի մասին ասվածը հրապարակվի, որից հետո կանդրադառնանք իմ մասին ասվածին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն`անդրադառնալով դատարանում հրապարակված հեռախոսազրույցին:
Հիշեցնենք, «Սասնա ծռերի» գործով դատական նիստերից մեկի ժամանակ հրապարակվել են հեռախոսազրույցների սղագրություններ: Դրանց համաձայն, Պավլիկ Մանուկյանն ասել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»:
Լրագրողներից մեկը նաեւ հետաքրքրվեց` իրենք այսօր մասնակցելո՞ւ են «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին, որն ուղղված է Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի դեմ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր ինքը մարզ է գնալու, բացի դա, նկատեց`ասել են, որ իրենց համար այս «ընթացիկ պրոցեսը պետք է լինի որեւէ բռնությունը բացառող պրոցես, բայց այս ընթացքում ճակատի անունից տարբեր հայտարարություններ են հնչում, ու, կարծում եմ՝ մինչեւ միասնական դիրքորոշում չորդեգրի ճակատն այս հարցում, թեման կմնա առկախված»:
Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ վճիռը Նիկոլ Փաշինյանը համարում է «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության, ստահոդ դատարանի, ստահոդ վճիռ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ