Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարի փոքրիկը 28 տարի անց՝ ապրիլյան դեպքերի ժամանակ, պաշտպանել է Արցախի սահմանը

Մարտ 23,2018 14:25

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի գրողների միությունում մեկ շաբաթ կցուցադրվեն Ղարաբաղյան շարժման 30-ամյակի լուսանկարներ, որոնք լուսանկարիչ Վալերի Պետրոսյանի անձնական արխիվից են: Նա առաջիններից էր, որը լուսանկարեց շարժման մեկնարկը՝ 1988-ի փետրվարի 13-ի Ստեփանակերտի առաջին հանրահավաքից: «Մեր գաղափարական հենքն էր՝ Արցախի միացումը Հայաստանին: Ընտրել էինք անկախության ճանապարհը, որին էլ հասանք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց լուսանկարիչը:

Նա մի շարք ուշագրավ դրվագներ պատմեց. «Երբ Ստեփանակերտում առաջին հանրահավաքները սկսեցին, Երեւանից դեռ արձագանք չկար, որոշվեց պատվիրակություն ուղարկել Երեւան, որի կազմում էի նաեւ ես: Երեւան եկանք փետրվարի 19-ին, իսկ հաջորդ օրը առաջին հանրահավաքը սկսվեց: Ընկերոջս հետ էի եկել՝ եւս 13 հոգու հետ: Սկսեցինք նկարել Ազատության հրապարակում, երբ մի քանի երիտասարդներ մոտեցան մեզ: Ասացին՝ «կարո՞ղ է թուրքերի համար ես նկարում» ու բռնեցին մեզ: Լավ էր, որ զգուշավոր էին, բայց բացատրեցինք, որ ղարաբաղյան պատվիրակության անդամներ ենք: Ասացին՝ «մի հարց ենք տալիս, եթե պատասխանեք, կկարողանաք նկարել. ո՞վ է Խրիմյան Հայրիկը»: Պատասխանեցինք, որ նա Ամենայն հայոց կաթողիկոսն է, հասարակական-կրոնական գործիչ: Մեր պատասխանը լսելով՝ ասացին՝ «կներեք, ախպեր ջան, ձեր գործը շարունակեք»:

Վալերի Պետրոսյանն այնուհետեւ հիշեց, որ Ստեփանակերտի հանրահավաքների ժամանակ գիշերները մարդիկ հրապարակից տուն չէին գնում. «Մի օր էլ բարձրացա այն ժամանակվա «Ղարաբաղ» հյուրանոցի տանիքին, որ նկարեմ: Տեսախցիկի լույսը տեսնելով՝ բոլորը հարձակվեցին վրաս: Եկան, տեսախցիկս խլեցին, ժապավենները պատռեցին: Հետո ծանոթ տղաները բացատրեցին, թե ով եմ եւ ինչ եմ անում»:

Իր շատ աշխատանքներից հեղինակն առանձնացնում է «Հայկական հողերը՝ Հայաստանին» կարգախոսով պաստառի մոտ պառկած նորածնի լուսանկարը: Պարզվում է՝ այդ փոքրիկն իր եղբոր որդի Սեւան Պետրոսյանն է, որը 1988թ.-ից 28 տարի անց մասնակցել է ապրիլյան ռազմական գործողություններին՝ պաշտպանելով Արցախի սահմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031