Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«25-ամյա որդուս սպանեցին տան մեջ՝ ինձ ոչնչացնելու և փող աշխատելու համար, սա պիտի իմանա նախագահը». Ռուզաննա Ադանալյան

Մարտ 23,2018 14:20

«Որդուս սպանությունը պատվիրված է և այն իրականացվել է ոստիկանության ուժերով»,-«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց Արտյոմ Ադանալյանի իրավահաջորդ (մայրը) Ռուզան Ադանալյանը:

Որդեկորույս մայրը հանդիպում է պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Տիկին Ադանալյանը վրդովվեց. «25-ամյա որդուս սպանեցին տան մեջ՝ պարզապես ինձ ոչնչացնելու և փող աշխատելու համար: Ես սրա համար չեմ լռելու: Եթե այս դեպքը որպես փորձանք տեղի ունենար, գուցե լռեի, բայց քանի որ վստահ ու համոզված եմ, որ պատվիրված է, և պետական մակարդակի մարդիկ են մասնակցել, ես չեմ լռելու: Որդուս սպանեցին հենց այնպես: Նախագահը, որը գլխավոր դատախազին շքանշան է տվել, պետք է իմանա այս մասին: Թող այս ամենը լսելի դառնա նախագահին, որ այս բոլոր պարգևատրումները պետք է առարկայական լինեն»:

Տիկին Ադանալյանի վստահեցմամբ՝ իր որդու սպանության գործը պարտակելու միտում կա. «Ապացուցված իրավիճակն այնքան շատ է, որ դրանից ավելիի կարիք չկա: Ամեն բան գործի մեջ դրված է: Միանշանակ պետք է գլխավոր դատախազն ընդունի ինձ, նա պարտավոր է»:

Ռուզաննա Ադանալյանը նշեց, թե ոստիկանությունն ու դատախազությունը գիտեն, որ իր պնդումները համապատասխանում են իրականությանը. «Նախաքննության փուլում ասել եմ. Լուսինե Գինոսյանն է պատվիրել որդուս սպանությանը: Բայց նա անգամ հարցաքննության չի բերվել: Փող են տվել որդուս սպանելու համար, մի հատ էլ փող են վերցրել քննչական գործողությունների համար: Դատախազությունը դոշը դեմ է տվել, որ գործը պարտակի»:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Ռուզաննա Ադանալյանի պնդումների վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ՝ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանական են»:

Ռուզաննա Ադանալյանի պնդմանը, թե սպանության պատվիրատուն Լուսինե Գինոսյանն է, ոստիկանությունն իր պարզաբանման մեջ ևս անդրադարձել է. «Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված այն պնդումը, թե սպանությունը պատվիրել է Լուսինե Գինոսյանը՝ ոստիկանության ծառայողների միջոցով, ևս քննարկվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել»:

Լուսինե Գինոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր, որ ինքը կապ ունի Արտյոմ Ադանալյանի սպանության հետ, ավելին՝ ասել էր, որ տարիներ շարունակ Ադանալյանը մամուլում իրեն զրպարտում է:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը մտահոգություն հայտնեց, թե պետությունը՝ հանձինս գլխավոր դատախազության փոխարենը պաշտպանի մարդու իրավունքները, խախտում է դրանք: Ըստ փաստաբանի՝ այս գործով նախաքննության ընթացքում, մեղմ ասած, խիստ մակերեսային քննություն է տարվել. «Կայացվել է մեղադրական դատական ակտ, բայց դա արդարադատություն չէ, քանի որ իրականացված հանցագործությունը չի բացահայտվել: Վկաների հակասական, իրարամերժ ցուցմունքները քննիչը չի նկատել: Սա անփութություն չէ, այլ հանցավոր անգործություն, դիտավորյալ անգործություն»:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը վստահեցրեց՝ դատարանում արդարադատություն չի իրականացվում. «Սա ամենածանրն է գիտակցել: Եթե ունենայինք նորմալ աշխատող, արդարադատություն իրականացնող համակարգ, շատուշատ խնդիրներ ինքնըստինքյան լուծվելու էին: Դատախազի տեղակալի հետ հանդիպման ժամանակ նա վիրավորված հայտարարեց, թե վարկաբեկում եք դատախազությանը: Սա հերթական անգամն էր, որ տուժողի իրավահաջորդն ու դատախազությունը գնում են տարբեր ճանապարհով: Թող դատախազի տեղակալն իզուր տեղը չվիրավորվի, այլ գնահատի սեփական սխալները: Իրենցից յուրաքանչյուրը վստահ է, որ անպատիժ է մնալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031