Լրահոս
Օրվա լրահոսը

«Նամյոկ անել, ասել, որ մենք ծառայություն ենք մատուցում թշնամիներին, կոռեկտ չէ». Մարուքյանը վիրավորվեց Դավիթ Հարությունյանից

Մարտ 23,2018 13:54

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», ինչպես նաեւ կից ներկայացված տասնյակ օրենքների նախագծերի փաթեթը:

«Ելքը» դրանց վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել, ուստի Էդմոն Մարուքյանը հորդորեց Դավիթ Հարությունյանին հրապարակավ ասել, թե ինչու, ինչ պատճառաբանությամբ են մերժում իրենց առաջարկները՝ կառավարության կառուցվածքի հետ կապված:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ դուք առաջարկում եք վերադասավորել կառավարությունը՝ ներկայացնելով կառավարության մեկ այլ կառուցվածք. «Սա քաղաքական որոշման խնդիր է, եւ յուրաքանչյուր կառավարություն ինքն է առաջարկում այն կառուցվածքը, որը իր կարծիքով լավագույնս կնպաստի իր կողմից նշված խնդիրների լուծման համար: Մենք, դիտարկելով մեր կադրային ռեսուրսները, դիտարկել ենք այսպիսի կառուցվածք: Վստահ եմ, եթե մի օր լինի իշխանության մեկ այլ քաղաքական ուժ, նա եւս կներկայացնի իր տեսլականը այդ առումով: Սա ամենեւին չի նշանակում, որ այս կառուցվածքը կարծրացած է»:

«Ելքը» առաջարկել էր նաեւ հրապարակել ոստիկանության զորքերի թիվը: Դավիթ Հարությունյանն ասաց. «Շատ վտանգավոր բան եք առաջարկում, որովհետեւ ոստիկանության զորքերը մտնում են մեր ընդհանուր զորքերի մեջ, այդ զորքերը կարող են ներգրավված լինել ՀՀ պաշտպանության գործում եւ ստիպել օրենքով հրապարակել մի տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի: Ես կարծում եմ, լավագույն ծառայությունը չեք մատուցում ՀՀ-ին այս առումով»:

Էդմոն Մարուքյանը վիրավորված արձագանքեց. «Պարոն Հարությունյան, ձեր մեղադրանքը, թե ում ենք ծառայություն մատուցում՝ մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Իսկ ոստիկանության վերաբերյալ մեր առաջարկը՝ թե՛ բերելու կառավարության կազմ, թե՛ թվաքանակը հրապարակելու, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն: Միտված է նրան, որ մենք իմանանք մեր բնակչության մեկ թվին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշներով խախտված է եւ դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, այ սրա համար ենք առաջարկել: Կարող եք մերժել առաջարկը, բայց ասել, որ մենք թշնամիներին…նամյոկ անել, ասել, որ մենք ծառայություն ենք մատուցում թշնամիներին, կարծում եմ, կոռեկտ մեկնաբանություն չի ձեր կողմից, նաեւ վիրավորական է»:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Շատ հաճախ բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031