ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը տեղյակ չի եղել, որ Մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի անունը պատմության դասագրքերում եղել է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին`ինչպես է վերաբերվում նրան, որ հիմա Սեֆիլյանի անունը պատմության դասագրքերից հանվում է:
Մինչ այդ, լրագրողները խնդրել էին մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանին 10,5 տարով ազատազրկելու որոշումը:
«Ես դատարանների որոշումները չեմ մեկնաբանում: Կան համապատասխան ընթացակարգեր, եթե կողմը համաձայն չէ, կարող է դիմել հաջորդ ատյաններին»,- պատասխանեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Հարց հնչեց` սա քաղաքական հաշվեհարդար չէ՞ր Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Աղվան Վարդանյանը կրկնեց իր պատասխանը` դատարանների որոշումները չի մեկնաբանում: Աղվան Վարդանյանն անպատասխան թողեց լրագրողներից մեկի ռեպլիկը` երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր էր, դատարանների որոշումները մեկնաբանում էր:
Աղվան Վարդանյանը նաեւ նկատեց` որեւէ մեկը չի ժխտում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը եւ ավանդը արցախյան պատերազմում, բայց «մարդը կյանքի փուլում ունենում է տարբեր գործունեություններ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ