Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թիվ 172 դպրոցի տնօրենը «ռուսամետ» միջոցառման մասին. «Ես հասկանում եմ, որ դա սխալ էր»

Մարտ 23,2018 12:53

Սոցցանցում բուռն քննարկում է ծավալվել Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում կազմակերպված մի միջոցառման առիթով, որտեղ աշակերտները հանդես են գալիս «Ռուսաստանն իմ հայրենիքն է» պաստառի ներքո:

Երեւան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նկարներ էր հրապարակել այդ միջոցառումից ու հրավիրել ԶԼՄ-ների ուշադրությանը: Մեկնաբանությունները դպրոցի տնօրենի հասցեին վիրավորական էին, ոմանք նեղսրտել էին, թե անկախ Հայաստանի դպրոցում ստրկամտություն են սովորեցնում եւ ապագա խոպանչիներ պատրաստում:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանից: «Դպրոցում անցկացվել է «Աշխարհն իմ աչքերով» միջոցառում: Այդ միջոցառումներն արվեցին, որ «շրջենք» տարբեր երկրներով, տարբեր ազգությունների լեզուն, մշակույթը, խոհանոցը, սովորույթները ներկայացնենք, բայց վերջում գանք Հայաստան, որովհետեւ ամենալավ տեղը Հայաստանն է»,- ասաց տնօրենը:

Մեր հարցին՝ արդյոք մյուս երկրների դեպքում է՞լ են հանդես եկել «Իմ հայրենիքը տվյալ երկիրն է» կարգախոսով, ինչպես Ռուսաստանի դեպքում, տիկին Մկրտչյանը պատասխանեց. «Ամեն երկիր ուներ իր կարգախոսը, կոնկրետ Ռուսաստանի հատվածը համատեքստից կտրված է ներկայացվել հանրությանը: Դա զուտ դերակատարում է եղել, երեխաները տեղափոխվել են այդ երկիր, ասենք Իտալիա, Հնդկաստան, Մոլդովա, Չինաստան, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Ճապոնիա եւ այլն: Երեխաները վերցրել են տվյալ երկրի կարգախոսը: Ես հասկանում եմ, որ սա սխալ էր…մեզ թվում էր` մեր նպատակը գիտենք, որովհետեւ միջոցառումը սկսվել է հայկական օրհներգով, միջոցառման մեծ մասը հայերեն է եղել, իհարկե ռուսերեն էլ են խոսել ու երգել, ինչպես նաեւ մյուս երկրների լեզվով: Դասարանը այնքան լուրջ էր մտել դերի մեջ, որ Ռուսաստանի կարգախոսն էր վերցրել, ես հասկանում եմ, որ դա իմ սխալն է, դպրոցում կատարված ամեն ինչի պատասխանատուն տնօրենն է…Բայց ուզում եմ բացատրել, որ միջոցառումն ամփոփվելու է մայիսին, եւ ավարտը նվիրված է Հայաստանին: Տալիս ենք «Ձոն Հայաստանին», այսինքն` ավարտում ենք նրանով, որ տեսեք` շրջեցինք աշխարհով մեկ, բայց լավագույնը մեր հայրենիքն է: Պարզապես թյուրիմացություն է եղել, եւ ես մի կարգախոսի պատճառով այդքան տհաճ խոսքեր եմ լսել»:

Տնօրենը պնդում է, որ Ռուսաստանը փառաբանելու միտում չի ունեցել. «Ոչ մի տեղից՝ ոչ դեսպանատնից, քաղաքապետարանից կամ ԿԳ նախարարությունից, որեւէ ներկայացուցիչ չի եղել, ես չեմ ցանկացել որեւէ մեկին հաճոյանալ: Այս դպրոցը ռուսական ուղղվածություն չունի, երբեք չի ունեցել ռուսական դասարաններ…Այս դպրոցը անգլերենին է միշտ նախապատվություն տվել: Ընդամենը մի կարգախոսի պատճառով նման պատմության մեջ ընկանք: Մինչդեռ եթե այդքան մտահոգ էին՝ կարող էին զանգել մեզ, ասել, որ սխալ է այդ կարգախոսը, մենք էլ կուղղեինք մեզ, բայց նման ձեւով կատարվածը ներկայացնել հանրությանը վիրավորական էր…»:

Գայանե Մկրտչյանը հավելում է. «Միջոցառումը մարտի 15-ին է եղել, չհասկացա, թե դրա մասին ինչու երեկ բարձրաձայնվեց, ինչու դա կապվեց Ռուսաստանի ընտրությունների հետ: Կրկնում եմ, որ որեւէ ներկայացուցիչ պետական ատյաններից չի եղել, եւ մեր նպատակը լրիվ այլ է եղել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031