Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շաբոյանը չի ուզում, որ որեւէ ընդդիմադիր դառնա իրենց հանձնաժողովի անդամ. «Կաշկանդված կլինի»

Մարտ 23,2018 12:43

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց, թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծում ինչ փոփոխությունների առաջարկներ են եղել:

ՀՅԴ-ն առաջարկել էր, որ հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունը ներկայացվի ընդդիմադիր պատգամավորների կողմից: Առաջարկը չի ընդունվել: Շաբոյանն ասաց, որ այս մարմինը վարչական մարմին է, մասնագիտական մարմին է, հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական,ուստի առաջարկում են պահպանել կառավարության կողմից ներկայացված տարբերակը,ըստ որի, հանձնաժողովի բոլոր անդամների թեկնածությունները պետք է ներկայացվեն վարչապետի կողմից ԱԺ-ին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենց առաջարկը չի հակասում Շաբոյանի ասածին, իրենք էլ գիտեն, որ պետք է մասնագետ լինել՝ հանձնաժողովում աշխատելու համար եւ իրենց թեկնածուն էլ կարող է բավարարել բոլոր այդ չափանիշներին: Եթե ընտրվեց հանձնաժողովի անդամ, նա քաղաքական որեւէ կախվածություն չպետք է ունենա: Շաբոյանը պնդեց, որ այնուամենայնիվ, ընդդիմադիրներից հանձնաժողովի անդամ ընտրելուն դեմ են, կարող են նրանք քաղաքական կախվածություն ունենալ կուսակցությունից եւ քաղաքական շահեր պաշտպանել:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ երբ տուգանքների ԱԺ տնտեսագիտական վարչությունը առաջարկել է փոխել մինչեւ 10 տոկոս» ձեւակերպումը, քանի որ մինչեւ բառը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, ինչո՞ւ չեն ընդունել այդ առաջարկը. «Սա տեղի՞ն եք համարել, արհամարհե՞լ եք, ինչո՞ւ առաջարկին որեւէ անդրադարձ չի կատարվել»:

Շաբոյանը պատասխանեց, որ ԵՄ մրցակցության օրենսդրությամբ, ԵԱՏՄ պահանջների ներքով հիմնական չարաշահումների համար սահմանվում է մինչեւ 10 տոկոս պատասխանատվության միջոց: Նա նշեց, որ մինչեւ 10 տոկոս են սահմանում՝ հաշվի առնելով, որ կարող է լինել խախտման կրկնելիությունը, տնտեսվարողի ֆինանսական վիճակը, սպառողին պատճառված վնասի չափը եւ այլն. «Սա եվրոպական երկրների փորձն է ամբողջությամբ, պատասխանատվության միջակայք պետք է սահմանել»:

Մանե Թանդիլյանն էլ հակադարձեց, որ սա Հայաստանն է՝ իր կոռուպցիոն բարձր ցուցանիշով. «Դուք խոսում եք եվրոպական երկրների մասին, որտեղ տնտեսական մրցակցության պաշտպանվածությունը լրիվ այլ մակարդակի վրա է, կոռուպցիան այն մակարդակի վրա չի, ինչ Հայաստանում: Այս անհանգստությունները այստեղից են գալիս: Մենք խոսում ենք հայաստանյան իրականության մասին: Դուք օրինակ եք բերում երկրներ, որտեղ կան ավանդույթներ եւ կոռուպցիան այն մակարդակի վրա չէ, ինչ ՀՀ-ում»:

Շաբոյանն էլ պատասխանեց, որ հանձնաժողովի ցանկացած որոշում տնտեսվարողները կարող են բողոքարկել դատական կարգով եւ պրակտիկայում շատ տնտեսվարողներ հենց այդպես էլ վարվում են եւ հանձնաժողովի որոշումները փորձում անվավեր ճանաչել:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին ապշեցրել էր Շաբոյանի պատասխանը՝ Աղվան Վարդանյանին՝ կապված ընդդիմադիր լինելու կաշկանդվածության հետ: Նա օրինակ բերեց, որ ՍԴ նախագահ են ընտրում իշխանությունից, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ են ընտրում, դա նշանակում է, որ նրանք կաշկանդվա՞ծ են իրենց քաղաքական ուժի պատվերը կատարել. «Դա աշխարհով մեկ հայտնի սկզբունք է, որ քաղաքական ուժերը կարող են մարդ առաջադրել, հետագայում նրա գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական հայացքների հետ: Ձեր փաստարկը որեւէ կերպ հիմնավոր չէ, նշանակում է այդ մարդիկ անպայման պետք է պատվե՞ր կատարեն, եթե բոլոր չափանիշներին համապատասխանում են»: Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ սովորաբար մրցակցության պաշտպանության մարմինները անկախ են եւ անկախ են նաեւ կառավարությունից: Եթե որեւէ կուսակցություն առաջադրի, այդ կուսակցությունից կախվածության մեջ կգտնվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031