Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Կարող է լինել կասկած, որ այս պայքարը թելադրվող է». «Ժողովուրդ»

Մարտ 23,2018 12:18

Մի քանի ուժեր հայտարարել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար նախաձեռնելու մասին։ Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։

– Մի շարք ուժեր, մասնավորապես «Երկիր Ծիրանի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, «Հանուն Հայաստանի փրկության ճակատ» նախաձեռնությունը որոշել են պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Իրենք հնարավորություն ունե՞ն հաջողելու։

– Ես բոլորին հաջողություն եմ ցանկանում։ Որքան հաջողեն, այնքան լավ, որքան շատ պայքարեն, այնքան լավ։

– Իսկ ժողովո՞ւրդը…

– Ժողովուրդն ինքը պետք է որոշի։ Մենք, օրինակ, մեր ժողովրդին միշտ ազատ ենք թողել, իրենք պետք է որոշեն։ Ժողովուրդը գրագետ է. ինքը տարբերում է թացը չորից, կեղծն անկեղծից, թելադրվողն ըմբոստից։ Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին, վերլուծում ենք։ Թող որ հաջողեն այդ պայքարող ուժերը։ Ունեմ ներքին վերապահումներ, բայց դրանք չեմ ներկայացնի, որպեսզի չխանգարի իրենց՝ մարդաշատ միջոցառումներ անելու հնարավորությանը։

– Այն, որ վերոնշյալ ուժերը որոշել են պայքարել Ս. Սարգսյանի հետագա վերարտադրության դեմ, Ձեր կարծիքով՝ կարո՞ղ է մտահոգել ՀՀԿ-ականներին, մասնավորապես Սերժ Սարգսյանին։

– Չեմ կարծում։ Իրենք իրենց մտահոգությունների հարցն արդեն լուծել են։ Այս խորհրդարանում այն հանգամանքը, որ 10.000 դրամով պատգամավոր են դարձել, այդ մարդկանցով հնարավոր չէ այս Ազգային ժողովում այլընտրանք բերել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ այս խորհրդարանը կարող է հրապարակում եղածներից մեկին առաջարկի որպես վարչապետի թեկնածու։ Դա հեքիաթի ժանր էլ չի, նման անլուրջ հեքիաթ որեւէ մեկը չի էլ գրի։ Ես այս պայքարի նախաձեռնումը չէի համարի ուշացած կամ անարդյունավետ, եթե այդ մարդիկ այն ժամանակ՝ 2015-ին էլ պայքարած լինեին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մենք դիմեցինք Սահմանադրական դատարան, ո՞վ մեզ միացավ։ Որոշ ուժեր այդ ընտրությունների արդյունքներն ընդունել են, իսկ եթե բոլորը ընդունում են, էլ ինչո՞ւ այս խորհրդարանի որոշումը քեզ համար պետք է օրինաչափ չլինի։ Դրա համար կարող է լինել կասկած, որ այս պայքարը թելադրվող է։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031