Անառողջ բան կա սոցցանցերում եւ ազատ լրատվամիջոցներում անընդհատ տարփողվող այն հայտարարությունների մեջ, որոնց հեղինակները պնդում են, որ Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը» քաղաքական հետապնդումների արդյունքում են հայտնվել ճաղերի հետեւում: Տպավորություն ունեմ, որ մարդկանց որոշակի խմբեր փորձում են իրենց այդ հայտարարություններով ավելի Սամո, ավելի Ժիրո կամ ավելի «ծուռ» երեւալ:
Լսե՞լ եք, որ անձամբ Սամվել Բաբայանը գոնե մեկ անգամ հայտարարած լինի, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Բա եթե չեք լսել, ինչպե՞ս եք հայտարարում, որ նա քաղբանտարկյալ է: Դո՞ւք եք որոշում` մարդը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ:
Սամվել Բաբայանին այդ «պաշտոնը» կպցնողն ՕՐՕ ամենաապաքաղաքական դաշինքն է եղել, եթե չեմ սխալվում: Այսօր Ժիրայր Սեֆիլյանին եւ «Սասնա ծռեր»-ին քաղբանտարկյալի պիտակ է կպցնում իրեն Հայաստանի փրկիչ հռչակած ինչ-որ խումբ, որի համակարգողն իր ֆեյսբուքյան գրառումներով ամենակեղտոտ լուտանքներն է թափում Հայաստան պետության ու հայաստանյան հանրության գլխին: Ես չգիտեմ, թե սրա գրածների քանի տոկոսի հետ են համաձայն Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը», բայց վստահ եմ, որ այդ մարդն առնվազն քաղաքականապես դատարկ է, եթե իր քաղաքական կուրսը մշակում է միայն ճաղերի հետեւում հայտնված մարդկանց անունները շահարկելով:
Հավատացեք` իրեն իր երկրի տեր զգացող մարդը, իսկ Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» պարագայում մենք իսկապես գործ ունենք այդպիսի մարդկանց հետ, սեփական անձը երբեք չի օգտագործի իր երկրի վրա օտարների լեզուն երկարացնելու համար: Սա նույնքան ճշմարիտ է, որքան ջուրն է պարզ, եւ, իմ կարծիքով, նրանց անվան շուրջ սկսված այս խելագար պարը ոչ թե օգնում է մեզ թոթափելու այս բարոյական ճգնաժամը, այլ խեղաթյուրում մեր պատմության ամենավառ էջերից մեկը` Արցախյան ազատագրության հիրավի համաժողովրդական ոդիսականը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում