Aravot.am-ն անդրադարձել է «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի ներկայացուցչության տնօրենի կողմից կատարված ապօրինությանը, որի առիթով քրեական գործ է հարուցվել:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Անահիտ Հարությունյանից:
Տիկին Հարությունյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում որեւէ մեկնաբանություն անել, քանի որ դեռեւս քննություն է գնում: «Երկուսուկես տարի գործել է «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչությունը, որից հետո մենք փակել ենք այն տնօրենի ոչ պարկեշտ աշխատաոճի պատճառով: Հիմա քննություն է գնում, եւ դրա ավարտից հետո կպարզվի ամեն բան, դրա համար էլ այս պահին կոռեկտ չեմ համարում որեւէ մեկնաբանություն անելը:
Համալսարանը եւ մեր ուսանողները որեւէ առնչություն չունեն այդ գործի հետ, բացի այն, որ խոսքը վերաբերում է մեր ներկայացուցչության տնօրենին: Մնացածը կհայտնենք քննության ավարտից հետո»,- ասաց «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի խորհրդականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ