Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետարանի պատասխանը. մարզպետարանի աշխատողներին չպարգեւատրելը կդիտվեր որպես օրենքի խախտում

Մարտ 23,2018 11:23

Տավուշի մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու վերաբերյալ մեր հոդվածի  վերաբերյալ Տավուշի մարզպետարանի կայքում մարտի 21-ին պարզաբանում է զետեղվել, ուր նշված է. «Ի պատասխան aravot.am լրատվական կայքում լրագրող Ոսկան Սարգսյանի 21.03.2018թ. հրապարակած «117 կարիքավոր քաղաքացու`5 միլիոն 330 հազար դրամ, մարզպետարանի աշխատողներին` ավելի քան 30 միլիոն դրամ» հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ արդեն որերորդ անգամ aravot.am-ի թղթակից Ոսկան Սարգսյանը իր հրապարակումներում անդրադառնում է մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումների մասին ՀՀ Տավուշի մարզպետի որոշումներին: Քանիցս նաև գրավոր հարցումներ է ուղղել մարզպետարան: Մարզպետարանի պատասխաններից տեղյակ լինելով, որ քաղծառայողների կիսամյակային պարգևատրումը օրենքի պահանջ է, իսկ չկատարելը կդիտվի որպես օրենքի խախտում, նա, այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով, միտումնավոր նորից ու նորից անդրադառնում է վերը նշված հարցին: Եվս մեկ անգամ լրագրողին տեղեկացնում ենք, որ համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝
Յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը:

Տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից պետական ծառայողի պարգևատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:

Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս, ներառյալ՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում, սույն մասով նախատեսված ժամանակահատվածում ներառվում են նաև պետական ծառայողի ծառայողական քննության և (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:

Կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:
Պետական ծառայողի կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրման հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 20-ի Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին թիվ 1510-Ն որոշում): Վերը նշված ընթացակարգով մարզպետարաններում պարգևատրվում են միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք: Մարզպետը, տեղակալները, խորհրդականները և օգնականները համարվում են հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք և կատարողականի գնահատականի հիման վրա կիսամյակային պարգևատրում չեն ստանում: Պարգևատրումների մասին որոշումների հավելվածները մարզպետարանի պաշտոնական կայքէջում չեն տեղադրվում՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը»:

Հարկ է, որ Տավուշի մարզպետարանը պարզաբանի այն, որ երբ նախկինում մարզպետարանի կայքում պետբյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները եւ նրանց ստացած դրամական օգնության չափը հրապարակվում էին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները ինչո՞ւ հաշվի չէին առնում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031