Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հանուն Գագիկ Ծառուկյանի, քարը փեշից թափել ու գնացել հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Նրանց ջրերը, հիշեցնենք, երբեք մի առվով չեն հոսել, Հայրապետյանն ամեն առիթով «բշտել» է Ռոստոմյանին ու քամահրական վերաբերմունք դրսեւորել նրա նկատմամբ։ Բայց հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը որոշել է ֆուտբոլային ակումբ հովանավորել, Ռոստոմյանը բանակցություններ է վարել Ռուբեն Հայրապետյանի հետ, որ վերջինս դեմ չլինի դրան։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի ու Հայրապետյանի հարաբերություններն էլ են ավանդաբար լարված եղել, եւ հիմա ֆուտբոլը կարող է հարաբերական հաշտություն առաջացնել։
Երեկ Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղան Գագիկ Ծառուկյանի համար ընթացող բանակցությունները Ռուբեն Հայրապետյանի հետ։ Նախարարին կարծես թե դուր չեկավ մեր ձեւակերպումը՝ «բանակցություններ Գագիկ Ծառուկյանի համար», ու նշեց․ «Դուք հարցը տալիս՝ Դուք հարցին պատասխանում եք, ի՞նչ եք ուզում ինձնից լսեք… այսինքն՝ Դուք պնդում եք, որ ես գնացել էի բանակցությունների՞»։
Լավ, բանակցություն չլինի, թող հանդիպում լինի։ Այստեղ Ռոստոմյանի լեզուն բացվեց․ «Այո, հանդիպում եղել է, շատ կոնստրուկտիվ հանդիպում է եղել՝ ի շահ մեր հայկական սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի համար»։ Նշեցինք՝ տեղեկություն կա, որ Հայրապետյանն այդքան էլ ոգեւորված չէ, եւ կարող է այնպես լինել, որ «Նաջարյանը փոշմանի»։ «Ես Ձեզ ասեմ՝ լրիվ հակառակն են իմ տպավորությունները, որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են, որ ամեն ինչ լավ լինի»,- ասաց նա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում