Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի. «Ժամանակ»

Մարտ 23,2018 11:00

Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն, հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի: Այդ տենդենցն այն աստիճան ակնառու է, որ նույնիսկ ամենաիշխանահաճո հանրապետականների նյարդերն են տեղի տալիս՝ ստիպելով ընդվզել դրա դեմ: Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ նախագիծը անսահմանափակ իրավունքներ է վերապահում վարչապետին, և ընդհակառակը՝ զրո իրավասություն նախագահին: Այս օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում նախագահի համար:

Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Խոսրով Հարությունյանը մի քանի նկատառումներ ներկայացրեց այս նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, օրենքը նախատեսում է կառավարության անդամների երդման ընթացակարգ: «Կառավարության անդամները երդվում են հանրապետության նախագահի ներկայությամբ, նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ», ասված է օրենքի նախագծում: Ստացվում է, որ այն նախարարներին, որոնց նշանակմանը նախագահը դեմ է եղել, չեն գնալու նախագահի մոտ երդվելու, որովհետև նրանք նախարար են դարձել, այսպես կոչված, իրավունքի ուժով, նրանց նշանակել է վարչապետը, իսկ նախագահը չի հաստատել: Խոսրով Հարությունյանը ասում է, որ նախարարը մնում է նախարար՝ անկախ նրանից, թե ինչպես է նա նշանակվել, և առաջարկում էր, որ անկախ նշանակման ձևից, բոլորն էլ երդվեն նախագահի ներկայությամբ, գործի միասնական ընթացակարգ: Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դեմ է դրան, իր դեմ լինելը հիմնավորելով այսպես․ «Երդումը արժեզրկվում է այն մարդու պարագայում, որը չկատարելով Սահմանադրությամբ ենթադրյալ ողջամիտ գործողությունը, չի ստորագրում համապատասխան ակտը:

Նման կետի գոյությունը ուղղակի ճնշում է նախագահի նկատմամբ, որ տես, եթե դու հանկարծ առարկես վարչապետի նշանակման դեմ, ապա միևնույն է, այդ նախարարը կհամարվի նշանակված հերիք չէ, նա նաև կերդվի ոչ թե քո, այլ վարչապետի ներկայությամբ: Պակերացնում եք չէ՝ ինչ հետաքրքիր իրավիճակ կլինի, եթե նախագահը իսկապես որոշի մի երկու նախարարի դեպքում առարկություն ունենալ, և դեմ լինի նրանց նշանակմանը: Նախարարների մի մասը կերդվեն նախագահի նստավայրում, մյուսները վարչապետի, չնայած բոլորի համար էլ պարզ կլինի, որ մինչև նախարար նշանակվելը նրանք արդեն մեկ անգամ երդվել են վարչապետի մոտ՝ ոչ արարողակարգային իրավիճակում:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031