Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջուրը, բնությունը եւ… դպրոցականները»

Մարտ 23,2018 10:53

Ընթացիկ տարին` «Բնությունը ջրի համար» խորագրով

Ջրի համաշխարհային օրվա նախօրեին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աջակցությամբ անցկացվեց աշակերտների կողմից իրականացված հետազոտական աշխատանքների մրցույթ` «Ջուրը, բնությունը ու ես» խորագրով, նվիրված բնությանը, ջրային ռեսուրսներին եւ դրանց պահպանմանը:

Միջոցառման նպատակը մեկն էր` երիտասարդ սերնդին ավելի ուշադիր ու սրտացավ դարձնել շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներին` մասնավորապես կարեւորելով խմելու ջրի պահպանումն ու նրա արդյունավետ օգտագործումը: Դրա համար էլ որոշվեց համախմբել տարբեր կրթահամալիրների առաջադեմ սաների, խրախուսել բնության հանդեպ նրանց հոգատար վերաբերմունքը եւ պարգեւատրել լավագույն աշխատանքների հեղինակներին:

Մրցութային հանձնաժողովին իրենց աշխատանքները ներկայացրեցին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Վարդանանք» կրթահամալիրը, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը, Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցը եւ Այնթափ գյուղի թիվ 2 դպրոցը: Միջոցառման ընթացքում դպրոցականները պատմեցին իրենց բնակավայրերում կամ կրթօջախներին հարող շրջաններում առկա ջրային աղտոտվածության խնդիրների մասին, ցուցադրեցին պաստառներ, լուսանկարներ ու տեսաֆիլմեր, ժյուրիի դատին հանձնեցին իրենց կողմից կատարված հետազոտությունները եւ սեփական նախաձեռնությամբ իրականացված մաքրման աշխատանքների նկարագիրը: Եզրակացությունն ակնհայտ էր ու տրամաբանական. ուզում ենք ունենալ մաքուր խմելու ջուր, ուրեմն եկեք պահպանենք բնությունը, խնամքով օգտագործենք բնական ռեսուրսները:

Ավելին, աշխատանքներն ոչ միայն շատ հետաքրքիր էին, այլեւ խորհրդանշական. չէ՛ որ հեղինակները դպրոցականներ էին` մեր վաղվա օրը: Այսօր նրանք սպառող են, իսկ հետո կդառնան բաժանորդներ: Այստեղից էլ ջրամատակարարի ցանկությունը օգնել այնպիսի միջոցառումների իրականացմանը, ինչպիսին կազմակերպել էր Երկրաբանական թանգարանի տնօրինությունը:

Ու քանի որ բոլոր թիմերն էլ պատրաստվել էին շատ հանգամանալից եւ կատարել էին բավականին լուրջ հետազոտություն` ներկայացնելու ջրային ռեսուրսների խնդիրները եւ իրենց ներդրած լուման այդ խնդիրները լուծելու նպատակով, ժյուրիի անդամները նպատակահարմար գտան «թայմ-աութ» վերցնել մինչեւ ապրիլի 22-ը` Երկիր Մոլորակի օրը, որոշելու համար հաղթողներին:

Նորից Վեոլիա ջրի հովանավորությամբ նրանք` ծնողներով ու ուսուցիչներով, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներով այդ օրը կայցելեն համակարգի աղբյուրներից մեկը, որտեղ կծանոթանան ջրի մատակարարման տեխնոլոգիային, ավելի կխորացնեն նրանց գիտելիքները ջրային ոլորտում` «Ջրի դասի» շրջանակներում, կտեսնեն ջրմուղագործների ոչ դյուրին աշխատանքը, կլսեն լեռնային ջրի խորհուրդը ու կստանան պարգեւներ` որպես բնության հանդեպ սիրո ու կատարված աշխատանքի գնահատականի:

Տեղեկատվության կարգով: Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է 1992 թվականին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որից հետո այն աստիճանաբար սկսվել է նշվել ամբողջ աշխարհում: Հայաստանում ջրի համաշխարհային տոնը նշում են 2005 թվականից: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով: 2018 թվականի խորագիրն է` «Բնությունը ջրի համար» (Nature for water):

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031