Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը

Մարտ 23,2018 10:25

Մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստման բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։

Ներկայացնելով տնտեսական ֆորումի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը՝ էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը։ Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ ստեղծվելիք այդ ցանցի առաքելությունն է դառնալու ֆրանկոֆոն տարածքի ձեռնարկատերերի, գործարարների և նրանց միավորող կազմակերպությունների միջև ինստիտուցիոնալ, մասնագիտական կապերի հաստատումը և զարգացումը, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների խթանումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը՝ միտված Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսական զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ծրագրվում է ցանցի թվային հարթակի ձևավորումը՝ որպես շահավետ փոխանակումների և դրական փորձառության ընդօրինակման շրջանակ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որպես ֆորումի քննարկման թեմաներ առանձնացրեց կայուն զարգացման ապահովմանը միտված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, էներգետիկայի՝ ներառյալ վերականգնվող էներգիայի, հաղորդակցության և տրանսպորտային ուղիների, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, գյուղատնտեստության և սննդի արտադրության արդյունավետության բարձրացումը, թվային ու բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանումը, կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության առաջմղումը և մասնագիտական կրթության խրախուսումը։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ֆորումին մասնակցելու հրավիրվելու են միջազգային և տարածարջանային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհից։ Նախարար Նալբանդյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ տնտեսական ֆորումը նախատեսվում է անցկացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում։ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Ֆորումի մասնակից գործարարները հրավիրվելու են հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողությանը։

Հանդիպման մասնակիցները հավանության արժանացրեցին ֆրակոֆոն տնտեսական ֆորում կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը և դրա հետ կապված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել ինչպես ֆորումի անցկացման, այնպես էլ ֆրանկոֆոն գործարարների ցանց ստեղծելու աշխատանքներում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031