Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանը` Ժիրայր Սեֆիլյանի վճռի մասին. «Կա հանցանք, եւ կա պատիժ»

Մարտ 23,2018 15:00

Արարատ Զուրաբյանն էլ հիշեցնում է՝ պատերազմական տարիների բեռը բավականաչափ բարձր է, եւ ողջունելի կլիներ, որ պատիժը մի քիչ սիմվոլիկ բնույթ կրեր:

«Ցավում եմ»,- սա ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի արձագանքն է Մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատարանի կայացրած վճռին: Հիշեցնենք. երեկ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճիռը. Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամսվա, Գեւորգ Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամսվա, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3, Հովհաննես Պետրոսյանը՝ 2, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ իր հանդեպ քրեական գործը քաղաքական հետապնդում է: Գործով անցնող մյուս անձինք էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Միայն Հովհաննես Պետրոսյանն էր ընդունել մեղքը եւ իրավապահներին հայտնել, թե Սեֆիլյանը կազմակերպված խումբ ունի, իսկ ինքը չի ցանկացել մասնակցել Սեֆիլյանի՝ զորամաս զավթելու ծրագրին, քանի որ դա կհանգեցներ զինվորների մահվան: Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, փոխադրելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ՝ հեռուստաաշտարակ եւ զորամաս զավթելու փորձի մեջ:

Արարատ Զուրաբյանը չի ընդունում Ժիրայր Սեֆիլյանի կողմից ընտրված պայքարի ձեւը, կարծում է, որ նման բաները պետք է բացառել. «Բայց պետք է նաեւ չմոռանալ, որ Ժիրայր Սեֆիլյանը լուրջ ավանդ ունի մեր ազգային-ազատագրական պայքարում, անցել է շատ դժվար օրեր: Այդ տարիների բեռը բավականաչափ բարձր է, եւ ողջունելի կլիներ, որ այդ ամենը հաշվի առնելով` պատիժը մի քիչ սիմվոլիկ բնույթ կրեր: Բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք»:

Տեսակետ կա, որ իշխանության վերին ատյաններում չեն կարողանում ներել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի կորցրած 800 հեկտարի մասին հայտարարությունները: Արարատ Զուրաբյանը չի կիսում այդ կարծիքը, քանի որ այդ մասին շատ-շատերն են խոսել. «Եղել է կոնկրետ գործողություն կոնկրետ մարդկանց կողմից: Խնդիրն այն է, որ արմատական մոտեցումների տարբերություն կա: Ցավում եմ, որ Հայաստանում դեռեւս հնարավորություն կա կամ գոնե դիտարկվում է ռազմական ճանապարհով խնդիրներ լուծելու տարբերակը: Դա պետք է բացառել»:
Նկատեցինք` ՀՀ բոլոր իշխանությունների կողմից նկատվեց միտում` Արցախյան պատերազմի տարբեր հերոսների նկատմամբ դաժան վարվեցին: Արարատ Զուրաբյանը համամիտ չէ: Ասում է` 1994-95 թվականներին չէին հետապնդում, այլ հակառակը: Դիտարկմանն էլ, որ այն ժամանակ էլ այլոց նկատմամբ էին հետապնդումները, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ազգային-ազատագրական պայքարի բովով անցած մարդիկ իրենց մոտեցումներում մի քիչ սուր են լինում, եւ միշտ չէ, որ նրանց մոտեցումները եւ գործող իշխանությունների մոտեցումները համընկնում են: Առանձին երեւույթներ կարող է արձանագրենք, բայց հատուկ այդ ճանապարհով գնալու գիծ չեմ կարծում, թե եղել է»:

Ուշագրավ էր, որ երեկ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը խուսափեցին մեկնաբանել «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճիռը` պատճառաբանելով, որ հարցն իրավական է: ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովր իրավաբան նախագահը՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նույնպես չցանկացավ խոսել:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը նույնպես հարցը զուտ իրավական որակեց` առանց քաղաքական ենթատեքստի. «Կա հանցանք, եւ կա պատիժ»: Խնդրի քաղաքական ասպեկտին վերաբերող բոլոր հարցերին տվեց միեւնույն պատասխանը:

Ի դեպ, երեկ արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում այսպես խուսափեց հարցերի պատասխաններից. «Երբեւէ արդարադատության նախարարը որեւէ դատական ակտի վերաբերյալ որեւէ կարծիք չի արտահայտել, եւ դա է ճիշտ»: Հարց հնչեց` իսկ եղե՞լ են դեպքեր, որ քաղաքական պատճառներով Հայաստանում մարդիկ են դատապարտվել: «Ոչ, իմ խորին համոզմամբ՝ որեւիցե հարցի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Ժիրայր Սեֆիլյանի դեպքում ինչպե՞ս եք կոչում: «Դուք կարող եք կոչել»,- ասաց Դավիթ Հարությունյանը` կրկնելով իր կարծիքը` դատական ակտ չի մեկնաբանելու: Լրագրողները համառեցին` շարունակեցին պնդել, որպեսզի Դավիթ Հարությունյանը մեկնաբանի այդ վճիռները` իբրեւ ՀՀԿ ներկայացուցիչ: Նախարարը մնաց անդրդվելի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031