Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարաններում մարդկանց հանդարտեցնում են ռետինե լարաններով ու չնախատեսված դեղորայքով

Մարտ 23,2018 14:30

Հոգեբուժարաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զսպելու նպատակով կիրառվում են ռետինե լարաններ, սավանի կտորներ, ամուր գործվածքից պատրաստված գոտիներ, որոնց կիրառությունը կարող է վտանգել մարդկանց առողջությունը: Այս խախտումները հայտնաբերել են Մարդու իրավունքների գրասենյակի մասնագետները, որոնք հանրապետության հոգեբուժարաններում, առողջության կենտրոններում երկարատեւ ուսումնասիրություններ են անցկացրել: Իրենց դիտարկումները ՄԻՊ գրասենյակի մասնագետներն ամփոփել են զեկույցում: Ըստ նրանց՝ ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները հակաօրինական են: Մարդու իրավունքների պաշտպանները կարծում են, որ օրինակ, ռետինե լարանների օգտագործումը, որոնք պրակտիկայում կիրառվում են արյունահոսությունը կանգնեցնելու համար, անթույլատրելի է, քանի որ դրանց երկարատեւ կիրառությունը կարող է առաջացնել վերջույթներում արյան շրջանառության խանգարում` հյուսվածքների հետագա ախտահարմամբ:

Հոգեբուժարաններում ուսումնասիրությունները կատարվել են 2017 թվականի ընթացքում` մատուցվող ծառայությունների որակը ստուգելու նպատակով: Հոգեբուժարաններ այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները եւ կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետները: Մասնավորապես` ուսումնասիրվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների եւ ազատությունների վիճակը, բուժմանը եւ խնամքին վերաբերող փաստաթղթերը:

ՄԻՊ մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ հոգեբուժարաններում հանդարտեցման համար կիրառվում է առողջապահության նախարարի հրամանով չնախատեսված դեղորայք, ինչը, նրանց դիտարկմամբ, օրենսդրության կոպիտ խախտում է: Օրինակ` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի 1-ին բաժանմունքում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օգտագործվում են «Լեւոմեպրամազին» հաբեր, որոնք ընդգրկված չեն նախարարի հրամանով նախատեսված դեղորայքների ցանկում:

ՄԻՊ գրասենյակի մասնագետները նաեւ պարզել են, որ մարզային հոգեբուժական ծառայություններում գիշերային ժամերին հոգեբույժներ չեն հերթապահում, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը բավարար չէ:
«Հոգեբուժական կազմակերպությունների հատկապես այն բաժանմունքներում, որտեղ պահվում են հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք, միջին եւ կրտսեր բուժանձնակազմի քանակը բավարար չէ: Արձանագրվել են դեպքեր, երբ կանանց բաժանմունքում հերթապահում են տղամարդ հսկիչ-սանիտարներ, ինչը որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Այլ իրավիճակում տղամարդկանց բաժանմունքներում ոչ բոլոր օրերին է ներգրավված տղամարդ սանիտար, ինչն իրական դժվարություններ կարող է առաջացնել բաժանմունքում պացիենտների անվտանգության ապահովման եւ զսպման միջոցների կիրառման դեպքերում»,- զեկույցում նշել են ՄԻՊ մասնագետները: Նրանք խախտումներ են գտել նաեւ դեղերի պահման ռեժիմում եւ պայմաններում, բացի այդ՝ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել:

Հոգեբուժական որոշ կազմակերպություններում դիտարկման ընթացքում արձանագրվել է բժշկական պարագաների` բինտ, բամբակ, կարիք: ՄԻՊ գրասենյակի մասնագետները նաեւ պարզել են, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք դեղատներից տարբեր դեղեր են ձեռք բերում` «Անալգին» եւ այլն, ինչի մասին հոգեբուժարանի անձնակազմը տեղեկացված չէ:

Ըստ զեկույցի հեղինակների՝ հաշվի առնելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կարող են ունենալ նաեւ սուիցիդալ հակումներ, առանց պատշաճ հսկողության դեղորայքի ընդունումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ առողջության համար կամ վտանգել նրանց կյանքը:

Հոգեբուժարաններում բուժում եւ խնամք ստացող անձինք դուրս են մնում նաեւ երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերից: Նրանք չեն օգտվում արգանդի պարանոցի քաղցկեղի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի հայտնաբերման ու կանխարգելման նպատակով 2015 թվականից առ այսօր իրականացվող ծրագրերից: ՄԻՊ մասնագետները կարծում են, որ այդ անձանց եւս պետք է ընդգրկել սկրինինգային հետազոտությունների ծրագրերում:

Մեկ այլ դեպքում էլ պարզվել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով հստակ սահմանված կարգով եւ պարբերականությամբ հետազոտությունների չեն ենթարկվում` նույնիսկ տուբերկուլյոզ հայտնաբերելու դեպքում. այսպես` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տրամադրած տեղեկության համաձայն՝ վերջին ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունը կազմակերպվել է 2015 թվականին, որին, սակայն, առողջական խնդիրների պատճառով 52 խնամվող չի մասնակցել, չնայած հոգեբուժական կազմակերպությունում նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են տուբերկուլյոզի դեպքեր:
«Փաստորեն տուն-ինտերնատում խնամվողները վարակի վտանգի առկայության պարագայում տեւական ժամանակ չեն ենթարկվել տուբերկուլյոզի կանխարգելիչ հետազոտությունների»,- նշում են զեկույցի հեղինակները:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

22.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031