15 տարի առաջ՝ 2003 թ. մայիսի 1-ին, Հովիկ Վասիլյանի, Ներսես Ներսիսյանի եւ Սմբուլ Խաչատրյանի ջանքերով լույս տեսավ «Հանուն Հայրենիքի» պարբերականի առաջին համարը «Հիրուր խետ» խորագրով ՝ որպես 1968 թ. ընդհատակում հրատարակված «Հանուն Հայրենիքի» ամսագրի 1-ին համարի եւ 1994թ. «Հայ դատ» կազմակերպության կողմից հրատարակված եւ ընդհատված «Հանուն Հայրենիքի» թիվ 2 եւ 3 ամսագրերի օրգանական շարունակություն:
Խմբագրական խորհրդի համաձայն, որոշել են անդրանիկ համարը, որպես հոբելյանական թողարկում, հրատարակել ամսագրի տեսքով:
2005թ. ՀՀ արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվեց «Հանուն Հայրենիքի» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ պարբերականն արդեն հանդիսացավ կազմակերպության պաշտոնաթերթ:
«Թեեւ պարբերականի ամենամսյա կանոնավոր հրատարակումը մի քանի տարով ընդհատվեց, սակայն վերահրատարակման միտքը մշտապես մնալով օրակարգում. վերջապես 2018 թ. գարնանամուտին իրականություն դարձավ:
Շատ հարցեր են հնչել թերթի ժամանակավոր դադարի պատճառներն իմանալու մասին, հիմնական հարցադրումը եղել է, թե ե՞րբ նորից այն լույս կտեսնի: Իրականում բազմաթիվ արգելքներ եղել են ու կան, ներառյալ եւ ֆինանսականը, բայց միայն այդ ուղղությամբ խոսելու համար ետ չենք շրջվելու, այլ կկատարենք նախորոշածը՝ թերթի կյանքը շարունակելու քայլը:
Տիեզերական օրենքները գործում են ամենուր, անխախտ ռիթմով, եթե դադար կա՛ ապա այն հանգստի, ուժ հավաքելու համար է: Այդ օրենքը տարածվում է եւ՛ մեծ, եւ՛ փոքր գործերում: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե հավերժահոս ընթացքի կայացումն այլ կերպ է»,- ասված է խմբագրականում:
Խմբագրական կազմը նպատակ ունի վերականգնել խզված կապերն ընթերցողների եւ հոդվածագիրների հետ:
Ի դեպ, երեկ Գառնիի մայր տաճարի մոտ տեղի ունեցավ ամսագրի շնորհանդեսը:
Սեփ. լր.
«Առավոտ»
22.03.2018