Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իտալական օրագիր

Մարտ 23,2018 13:00

Հավերժական
քաղաք Հռոմ

Միջերկրական ծովի սրտում գտնվող Իտալիան աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, ինչ վերաբերում է հավերժական քաղաք Հռոմին, այստեղ այցելողներին մշակութային շոկ է սպասվում: Նախ կարելի է տեսնել աշխարհի ամենափոքրիկ պետությունը` Վատիկանը, որի հրապարակում մշտապես անվերջանալի հերթեր են: Վատիկանի թանգարաններն այցելելու համար ցանկալի է նախապես առցանց տոմսեր պատվիրել Վատիկանի կայքից, իսկ 3-4 եվրո ավելի վճարելու դեպքում, կարելի է խուսափել երկար հերթերից: Սուրբ Պետրոսի տաճարի գագաթից կարելի է վայելել քաղաքի գեղեցկությունը: Վատիկանի հյուսիսային բակում, Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում կանգնեցված է Գրիգոր Լուսավորչի մոտ 6 մետրանոց արձանը, որն օծվել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից, 2005 թվականին։


Հռոմի հպարտություններից է Սիքստինյան Կապելլան, որը զարդարված է Միքելանջելոյի որմնանկարներով: Այստեղ հատուկ զգուշացնում են՝ լուսանկարելն արգելված է: Սիքստինյան Կապելլայի պատերը նկարազարդել են նաեւ Բոտիչելլին, Պերուջինոն, Գիրլանդայոն եւ այլ նկարիչներ:

Իտալիայի մայրաքաղաքի մեկ այլ այցեքարտն անշուշտ Կոլիզեյն է՝ Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, որի կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թ., եւ ավարտել Տիտոսը՝ 80 թ.։

Հռոմի Պիացցա դելլա Ռոտոնդա հրապարակում գտնվում է Պանթեոնը, որտեղ ամփոփված են հանրահայտ մարդկանց, այդ թվում՝ իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի, Վիկտոր Էմանուիլ III եւ Ումբերտո I արքաների աճյունները։ Պանթեոնի յուրահատկություններից մեկը տանիքի վրայի բացվածքն է, որից ներս թափանցող լույսն ասես սյուն լինի: Այստեղ մուտքն էլ անվճար է ու հավատալիք կա, որ եթե Պանթեոնի ներսում գտնվող քառակուսու անցքից մետաղադրամ գցես, հին աստվածները բոլոր մեղքերիդ թողություն կտան:


Զբոսաշրջիկների սիրած վայրերից է նաեւ Պյացա Նավոնան՝ երեք շատրվաններով: Այստեղ ամենուր փողոցային երաժիշտներ են, նկարիչներ, կենդանի արձաններ եւ կեղծ բրենդային ապրանքներ, սելֆիի ձողեր ու այլ իրեր վաճառող սեւամորթներ:
Հռոմի ամենամեծ շատրվանը Տրեւին է, բարձրությունն ավելի քան 26 մ է, իսկ լայնությունը 49 մ։ Բարոկկո ոճի այս շատրվանը կառուցվել է 1732-1762 թթ., այն գեղեցիկ ներդաշնակված է Պալացցիո Պոլիի հետ: Շատրվանի մեջ մարդիկ մանրադրամներ են նետում` այն հույսով, որ կրկին կվերադառնան Հռոմ կամ էլ այս քաղաքում կգնեն իրենց երկրորդ կեսին: Ի դեպ, ասում են, որ Հռոմի կոմունալ ծառայություններն ամեն տարի շատրվանի հատակից շուրջ 70 000 եվրո մետաղադրամ են հանում: Հավելենք, որ Տրեւի շատրվանը «ներկա» է մի քանի ֆիլմում` «Հռոմեական արձակուրդներ», «Քաղցր կյանք», «Խելահեղ սիրահարվածը» եւ այլն:

Ի թիվս այլ տեսարժան վայրերի, Հռոմում ամենաայցելվածնեից է Իսպանական աստիճաններ կոչված հատվածը: Բարոկկո ոճի այս կառույցը բաղկացած է 138 աստիճանից եւ իրար է կապում Տրինիտա դեի Մոնտի եկեղեցին եւ Իսպանիայի հրապարակը: Կապիտոլիական բլրի հարեւանությամբ էլ` Պյացա Վենեցիայում տեղակայված է Վիտորիանոն՝ հուշահամալիր, որ կառուցվել է Միացյալ Իտալիայի թագավոր Վիտորիո Էմանուիլ II-ի պատվին: Վիտորիանոյում երկու թանգարան կա: Ի դեպ, 2015-ին թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. Տապանի ժողովուրդ» բացառիկ ցուցահանդեսը:

Միքելանջելոյի եւ Գալիլեյի ծննդավայրը` Ֆլորենցիա

Նախկինում Մեդիչի դուքսերի եւ Իտալիայի թագավորության, այժմ՝ Տոսկանայի շրջանի մայրաքաղաք Ֆլորենցիան, կամ ինչպես իտալացիներն են անվանում` Firenze-ն, հայտնի է նաեւ որպես Լեոնարդո դա Վինչինի, Միքելանջելոյի, Դոնատելլոյի, Մաքիավելիի, Դանթեի, Գալիլեյի ծննդավայր: Ֆլորենցիան Իտալիայի բարձր եկամուտ ունեցող 17 քաղաքներից մեկն է, այն համարվում է Վերածննդի բնօրրան: Ֆլորենցիան Իտալիայի տնտեսական, զբոսաշրջային ու արդյունաբերական կենտրոններից մեկն է: Այս քաղաքի կենտրոնական հատվածը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է:

Ֆլորենցիան ունի բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ, որոնցից նշանակալին՝ Պիտտին եւ Ուֆֆիցին են: Վերջինում պահվում է իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն: Ուֆֆիցիում կարելի է հիանալ Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի եւ այլոց գլուխգործոցներով:
Իտալական Վերածննդի լավագույն պարտեզային համալիրներից մեկը` Բոբոլի այգիները նույնպես Ֆլորենցիայում են: Բոբոլի այգիները թանգարան են՝ բաց երկնքի տակ, որտեղ տեղադրված են անտիկ ժամանակների եւ միջնադարյան քանդակներ: Բացառիկ է նաեւ Բարդինի այգին: Բարդինի այգուց Ֆլորենցիան ամենագեղեցիկն է երեւում: Բարդինին համարվում է Իտալիայի ամենագեղեցիկ 10 այգիներից մեկը:

Վենետիկ`
քաղաք ջրի վրա

Ադրատիկի նավահանգիստ Վենետիկի պատմական կենտրոնը տեղակայված է 118 կղզյակների վրա, որոնք միմյանցից բաժանվում են 150 ջրանցքներով։ Կղզիների միջեւ շուրջ 400 կամուրջ կա` այդ թվում Ռիալտոյի եւ Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են XVI դարի վերջերին։ Ասում են՝ ամեն տարի Վենետիկ է այցելում 18 միլիոն մարդ: Այս քաղաքի ամենատեսարժան վայրը Սուրբ Մարկոսի հրապարակն է՝ համանուն տաճարով, որ կանգնեցված է մեկ միլիոն գերանի վրա: Դոժերի պալատի հարեւանությամբ գտնվող Սուրբ Մարկոսի տաճարում պահվում են Մարկոս առաքյալի մասունքները եւ արվեստի բացառիկ գործեր: Այս տաճարը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:

Սուրբ Մարկոսի տաճարի մուտքի վերնամասում նժույգների արձանախումբ կա: Ըստ պատմական աղբյուրների, 66 թ. հայոց Տրդատ արքան իր թագադրության ժամանակ այն Հռոմում նվիրել է Ներոնին, եւ դրանք Վենետիկ են հասել 13-րդ դարում: Կիլիկյան Հայաստանի թագուհի Կատերինա Կորնարոյի աճույնը ամփոփված է Վենետիկի Սուրբ Սալվադոր տաճարում, տապանաքարին էլ այդ մասին գրություն կա: Վենետիկում գտնվող Հայկական փողոցում կանգնած է 15-րդ դարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ Մխիթարյան հայրերը Սուրբ պատարագներ են մատուցում հայկական ծեսով՝ յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը։
Վենետիկի Պալացցո Զենոբիո պալատում է գտնվում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, որտեղ կրթություն են ստացել բազմաթիվ մեծանուն հայորդիներ, այդ թվում՝ Դանիել Վարուժանը, Վահրամ Փափազյանը, Էդգար Շահինը, Թովմաս Թերզյանը եւ այլք:

Միլան՝ նորաձեւություն, գումարած պատմություն

Իտալիայում մեծությամբ երկրորդը համարվող Միլանը նաեւ Եվրոպայի 5-րդ խոշոր քաղաքն է: Այն նորաձեւության համաշխարհային կենտրոններից մեկն է։ Այստեղ է գտնվում հանրահայտ «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Միլանի այցեքարտը նրա մայր տաճարն է՝ Duomo di Milano-ն, որն ունի 106.5 մետր բարձրություն եւ կարող է ներսում միաժամանակ 40 000 մարդ տեղավորել։ Ասում են՝ տաճարի խորանի ներքո Քրիստոսի խաչից բերված գամ է պահվում:

Միլանի հայտնի կառույցներից է Վիտորիո Էմանուիլ II պատկերասրահը, որի կամարապատ սրահի ներսում տեղակայված են բրենդային խանութներ եւ ռեստորաններ: Իսկ Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացի տաճարում կարելի է վայելել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավը: Հավելենք, որ այս տաճարը եւս ՅՈՒՆԵՍՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ընդգրկված:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հռոմ-Ֆլորենցիա-Վենետիկ-Միլան- Երեւան
Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031