Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անփոխարինելի «Դոն Ալվարո» Գեղամ Գրիգորյանից՝ մինչեւ Հովհաննես Այվազյան

Մարտ 23,2018 12:30

Կամ՝ Մարիինյան թատրոնի «հայկական հետքը»

Բոլոր ժամանակներում հայ արվեստագետները համաշխարհային մշակույթի տարբեր ոլորտներում իրենց հետքն են թողել: Մինչ օրս էլ այդ առիթով տարբեր փաստեր են ի հայտ գալիս: «Առավոտի» հետ զրույցներում ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանն, օրինակ, երբեւէ չի ակնարկել այն մասին, թե ինքը տարիներ շարունակ Մարիինյան թատրոնի խաղացանկային՝ Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերային ներկայացման մեջ միակ անփոխարինելի Դոն Ալվարոն էր: Պարզվում է՝ հայ տենորից հետո այդ դերերգով մոտ 15 տարի հանդես է եկել մեկ այլ երգիչ՝ ազգությամբ հրեա Ավգուստ Ամոնովը, որի մասին ասում են, թե նա «սեփականաշնորհել» էր այդ դերերգը: Բայց այդ ընթացքում մեկ-երկու փորձ եղել է, ուղիղ ասած՝ երգիչները «տապալվել» են, որոնց փրկել է հենց ինքը՝ Ամոնովը՝ շարունակելով ու ավարտին հասցնելով դերերգը: Իսկ թե ինչո՞ւ է այն անհասանելի նույնիսկ ճանաչված երգիչներին, պարզվում է, որ «Ճակատագրի ուժը» օպերայի երկրորդ գործողությունում Վերդին մի մեծ դուետ է գրել տենորի եւ բարիտոնի համար, ինչին հաջորդում է տենորի հայտնի արիա-ստրետան: Իսկ դա աշխարհում կատարվում է միայն Մարիինյան թատրոնում:

Հովհաննես Այվազյանն ու Մարիա Գուլեգինան «Ճակատագրի ուժը» օպերայում:

Այս մասին «Առավոտին» հայտնեց Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, որը վերջերս Մարիինյան թատրոնում հանդես է եկել Դոն Ալվարոյի դերերգով:

Հայ տենորն ու Ռոման Բուրդենկոն:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ «Ճակատագրի ուժը» օպերան Վերդիի միակ մասշտաբային ստեղծագործությունն է, որը կոմպոզիտորը գրել է հատուկ հենց այս ռուսական թատրոնի պատվերով, համաշխարհային պրեմիերան էլ կայացել է 1862թ.:

Մեր զրուցակիցն ասաց, որ 2017թ. սեպտեմբերին այդ թատրոնի մեներգիչների ղեկավարն իրեն առաջարկել է Դոն Ալվարոյի դերերգը, իսկ արդեն նոյեմբերին ինքը բարձրացել է բեմ: Հարցին՝ իսկ ո՞վ էր հանդես գալիս բարիտոնի համար գրված դերերգով, արվեստագետն ասաց, որ Ռոման Բուրդենկոն: Հետո էլ հավելեց, որ Դոննա Լեոնորայի դերերգով ներկայացել է համաշխարհային օպերային աստղ Մարիա Գուլեգինան:
Հետաքրքրությանը՝ պրեմիերային եւ օրերս կայացած ներկայացումից հետո ի՞նչ արձագանքներ եղան, Հովհաննես Այվազյանը պատասխանեց. «Հենց երկրորդ գործողությունից հետո խաղընկերներս հերթով գալիս էին հարդարման սենյակ շնորհավորելու…»: Ասաց նաեւ, թե բեմադրության ռեժիսորն է Էլայջա Մոշինսկին, դիրիժորը՝ Քրիստիան Քնապպը:

Դոն Ալվարոյի կերպարում:

Հայ արվեստագետը Մարիինյանում զբաղված է նաեւ խաղացանկային այլ ներկայացումներում նույնպես, այդ թվում՝ Պուչինի՝ «Տոսկա» (Մարիո Կավարադոս), Վերդի՝ «Աիդա» (Ռադամես), «Դոն Կառլո» (համանուն դերերգ), «Տրուբադուր» (Մանրիկո), Լեոնկավալո՝ «Պայացներ» (Կանիո):

Հետաքրքրությանը՝ հավանաբար զբաղված է օպերային թատրոնում սկսված Բիզեի «Կարմեն» օպերայի նոր կամ Մասսնեի «Մանոնի» բեմադրական աշխատանքներով, մեր զրուցակիցն ափսոսանք հայտնեց, որ վաղօրոք կազմված հյուրախաղային գրաֆիկի պատճառով ներգրավված չէ: Հավելեց նաեւ, թե օրերս մեկնում է Սեուլի օպերային թատրոն, որտեղ հանդես կգա Ռադամեսի դերերգով:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031