Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

Մարտ 23,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասներորդ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

Եվ Փելեշը թարս նայեց Հրանտին ու ասաց՝ «իզուր էլ էդ ֆիլմը չես հավանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն հավանում եմ», եւ Փելեշը Հրանտին ասաց՝ «ժողովուրդը քեզ էդ ֆիլմով ա ճանաչում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշին ասաց՝ «քեզ էլ Ռեւազի էդ դերով են ճանաչում», եւ Փելեշը թարս նայեց Հրանտին ու ասաց՝ «քո ու Մալյանի շնորհիվ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշին ասաց՝ «այնուամենայնիվ, էդ ֆիլմում ամենահաջողը դու ու Շերենցն եք», եւ Փելեշը թարս նայեց Հրանտին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ համար շատ մեծ պատիվ ա, որ ինձ ու Շերենցին իրար հետ ես համեմատում» եւ մի քիչ էլ մտածեց ու Հրանտին ասաց՝ «էնպես որ՝ հակառակը չմտածես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Փելեշին ասաց՝ «բայց Շերենցի համար ավելի մեծ պատիվ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չլինի՝ համաշխարհային մեծության ու նշանակության կինոռեժիսոր ես», եւ Ֆրունզիկը նայեց Փելեշին, հետո նայեց Հրանտին ու ասաց՝ «զեմլյակ մարդ եք. դո՞ւք ինչի եք իրար հետ թարսվել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ որ՝ էրկուսդ էլ համաշխարհային մեծության ու նշանակության մարդիկ եք», եւ Հրանտը քմծիծաղով Ֆրունզիկին ասաց՝ «Շերենցին մոռացար», եւ Ֆրունզիկը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «Շերենցն էլ իրա տեսակի մեջ ա մեծություն», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «բայց մենակ քեզ են Գորկու փողոցում ճանաչում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «անցորդները», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու հեգնանքով Ֆրունզիկին ասաց՝ «էդ անցորդներ բառը շատ ես հավանել», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «ճիշտ ես նկատել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մինչեւ Ռեւազի դերի հաշվով Փելեշին համոզեցինք, կյանքներս գնաց», եւ Փելեշյանը թարս նայեց Հրանտին ու ասաց՝ «որ էսօրվա խելքն ունենայի, դժվար թե կարենայիք համոզեիք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «դժվար ա ասել՝ էսօրվա՞ խելքդ ա շատ, թե՝ էրեկվանը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «լավագույն ֆիլմերդ էրեկ ես նկարել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «լավագույն ֆիլմերդ էիր նկարում ու ձեռի հետ էլ Ռեւազ էիր խաղում», եւ Ֆրունզիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «ես չգիտեի, որ դու ու Մալյանն եք Արթուրին համոզել, որ Ռեւազ խաղա», եւ Հրանտը զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ես Արտավազդ Փելեշյանին Արթուր ասում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «չեմ հիշում՝ երբվանից եմ ասում, բայց իրան Արթուր ասելը ձեզնից եմ սովորել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու ու Տիգրանն եք իրան Արթուր ասում», եւ Հրանտը Ֆրունզիկին հարցրեց՝ «ո՞ր Տիգրանը», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «Մանսուրյան», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «Տիգրանը հանճարեղ կինոերաժշտություն ա գրել, բայց Գորկու փողոցում իրան էլ չեն ճանաչում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով հարցրեց՝ «անցորդնե՞րը», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «հա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031