Եվրախորհուրդը հրապարակել է նոր վիճակագրական զեկույց (SPACE)՝ կապված անդամ-երկրների քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի հետ:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ազատազրկվածների ընդհանուր թիվը կազմում է 3907 մարդ (ներառյալ 1211 կալանավորված անձ և անչափահաս իրավախախտների համար նախատեսված հատուկ հաստատություններում պահվող 8 անձ): Ազատազրկվածների ընդհանուր թիվը 2006 թ. 5682-ից 2015 թ. հասել է 3888-ի, իսկ 2016թ. մնացել է գրեթե նույնը:
Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվարկով ազատազրկված է 130.3-ը, ինչը գերազանցում է եվրոպական միջինը (117.1): 2015 թ. համեմատությամբ այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել: Յուրաքանչյուր 2.9 ազատազրկվածի բաժին է ընկնում 1 հսկիչ, ինչը ճշտորեն համապատասխանում է եվրոպական միջինին:
Քրեակատարողական հիմնարկների ընդհանուր լրակազմը կազմում է 5424 մարդ, իսկ ազատազրկվածների միջին թվաքանակը յուրաքանչյուր խցի հաշվարկով կազմում է 4.9, յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին ընկնող բնակելի տարածքը կազմում է 4 քառակուսի մետր:
Ազատազրկված կանանց թիվը (ներառյալ 41 կալանավորված անձ) 158 է, որը կազմում է ազատազրկվածների ընդհանուր թվի 4.0%-ը և ցածր է եվրոպական միջինից (5.3): Օտարերկրյա ազատազրկվածների ընդհանուր թիվը (այդ թվում այն բանտարկյալներինը, որոնց համար ազգությունը անհայտ է) 154 է:
Հայաստանում անչափահաս կին բանտարկյալ չկա, տղա անչափահասները 8-ն են:
2015 թ. Հայաստանում քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ծախսած գումարը կազմել է 15.6 մլն եվրո: Մեկ կալանավորի միջին օրական ծախսը եղել է 11.10 եվրո, ինչը 4.5 անգամ ցածր է եվրոպական միջինից (51 եվրո):
Դատապարտվածների մեծամասնությունը (2.655-ից 42%-ը) ազատազրկվել է 5-10 տարի ժամկետով, իսկ 97-ը (3.5 տոկոս)՝ ցմահ: 2016թ. ամենատարածված հանցագործություններն են գույքի (1,177), կյանքի և առողջության (658) և հանրային առողջության (432) դեմ ոտնձգությունները:
2015թ. Հայաստանում գրանցվել է ազատազրկվածների 28 մահ (այդ թվում `5 ինքնասպանություն): Հայաստանին բաժին է ընկնում 10 հազար ազատազրկվածի հաշվարկով մահացության ամենաբարձր ցուցանիշը (72.0), ինչը երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը:
2015 թ. ազատ արձակվածների ընդհանուր թիվը մնացել է գրեթե նույնը (1.468), իսկ 2014թ. այդ ցուցանիշը 1464 էր:
2016թ. Հայաստանում գրանցվել է փախուստի մեկ դեպք փակ հիմնարկից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ