Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի սավանով հիվանդին զսպենք կամ ծեծենք»․ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 22,2018 22:50

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» 112 էջից բաղկացած արտահերթ հրապարակային զեկույցում անդրադարձ կա նաև Գյումրու հոգական առողջության կենտրոնին։ ՄԻՊ-ի մշտադիտարկող փորձագետներն այստեղ ևս արձանագրել են մի շարք խախտումներ, մասնավորապես կապված հոգեկան առողջություն ունեցող անձանց պահպանման պայմանների՝ գերբնակեցման, լոգանքի՝ 10 օրը մեկ կազմակերպման, ճաշասենյակներում սեղանների և աթոռների քանակի անբավարարության, հիվանդասենյակներում արհեստական լուսավորության ոչ բավարար պայմանների, տաքսաֆոնների կամ հեռախոսների բացակայության, ժամկետանց դեղորայքի առկայության, դեղորայքային բուժումից բացի այլընտրանքային մեթոդներ չկիրառելու, հիվանդության պատմագրերի ոչ պատշաճ վարման, ինչպես նաև բուժական վճարովի ծառայությունների ցանկ ունենալու հետ։

Մենք այսօր այցելեցինք Գյումրու հոգեկան առողջության կենտրոն՝ պայմանները ֆիքսելու ու ՄԻՊ-ի զեկույցի շուրջ տնօրենի պարզաբանումները լսելու համար։

Տնօրեն Նադյա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արձանագրված որոշ խախտումների հետ համամիտ է, օրինակ՝ չի կարող ժխտել, որ կենտրոնը ներքին հարդարման կարիք ունի, գերբեռնված է։ Սակայն, ըստ նրա, ի սկզբանե՝ 2003 թվականին, երբ Դոսաֆի շենքը տրամադրել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, այն 65 հիվանդի համար է նախատեսված եղել։

Տիկին Վարդանյանի ասելով, երբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները եկել են Գյումրի, այդ ժամանակ հոգեկան առողջության կենտրոնն իրոք ծանրաբեռնված է եղել՝ 50-55 հիվանդ է բուժվել այդ ընթացքում, նույնիսկ ստիպված են եղել հանգստի սենյակում հիվանդ պահել։

Մեր այցի պահին հոգեկան առողջության կենտրոնում բուժում էր ստանում 41 հիվանդ։ «Հիմա խտության առումով նորմալ պայմաններ են, քանի որ մեր բյուջեն պակասել է, ինքներս փորձել ենք և մարզպետարանի օգնությամբ, որ հիվանդները շատ երկար հոգեբուժարանում չմնան, որովհետև սա հիվանդանոց է, սա մշտական բնակության ինտերնատ չէ։ Եվ կարողացել ենք հիվանդների թիվը պակասեցնել։ Նախադեպը չի եղել․ մենք երբևէ այսքան քիչ հիվանդ՝ 41 հոգի չենք ունեցել», -ասաց տնօրենը։

Ի դեպ, ազգաբնակչության նվազող թվաքանակից ելնելով՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին պետության կողմից հատկացվող գումարը 2015-2016թթ․ պակասել է 10 միլիոնով, 2017-2018 թվականներին՝ 6,5 միլիոնով։ Չնայած ֆինանսավորման պակասին՝ հոգեբուժարանի ծանրաբեռնվածությունը չի պակասել։ «Ես չեմ կարծում, որ ազգաբնակչության հոսքի հետ հոգեկան հիվանդություն ունեցող անձինք նույն արագությամբ տեղափոխվում են, նրանք այն խավն են, որոնք մնում են հայրենիքում», -ասում է Նադյա Վարդանյանը։

Նրա պատմելով, կան հիվանդներ, որոնց դուրս են գրում, հաջորդ օրը դարձյալ բերում են իրենց մոտ․ նրանք կամ անօթևան են, կամ էլ տուն ունեն, սակայն խնամակալ չունեն։ Շատերն էլ հրաժարվում են այլ քաղաքներում գտնվող խնամքի կենտրոններում բնակվելուց։ «Երբ մենք փորձում էինք երկար ապրող հիվանդներին արդեն դուրս գրել, ասել, որ սա մշտական բնակության վայր չէ, իրենք արագ գնում են համապատասխան վերադաս մարմիններին բողոք, իսկ վերադաս մարմինները հնարավորինս փորձում էին հարցը լուծել, որ մի քիչ էլ մնա և այլն», -ասում է տնօրենը։

Հոգեկան առողջության կենտրոնի սենյակներն, իրոք, գերծանրաբեռնված են․ սենյակներում կողք կողքի այնքան մահճակալ է շարված, ինչքան որ հնարավոր է տեղավորել։ ՄԻՊ-ի զեկույցի այդ հատվածում նշված է․ «Գերբնակեցումը խնդիր է, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները գերբնակեցման պատճառով չեն ապահովվում անհրաժեշտ կամ նվազագույն բնակելի տարածությամբ և չունեն անձնական տարածքի հնարավորություն։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում գերբնակեցվածության հետևանքով առկա են խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացած մահճակալներ։ Մահճակալներ են տեղակայված նաև հիվանդասենյակների դռան մոտ՝ կիսով չափ արգելափակելով սենյակների մուտքը։ Մահճակալներ են տեղադրված նաև հանգստի սենյակներում»։

Ի տարբերություն սենյակների, տնօրենը համամիտ չէ, որ ճաշասենյակները փոքր են և սեղանների ու աթոռները թիվը չի համապատասխանում հիվանդների թվին։

Նադյա Վարդանյանը նաև կտրուկ բացառում է իր գլխավորած կառույցում ժամկետանց դեղորայքի առկայությունը։ Ըստ նրա, հատկապես բյուջեն կրճատելու պայմաններում իրենք այդքան հարուստ չեն, որ դեղորայք պահեստավորեն, մի բան էլ այն հնանա, դառնա ժամկետանց։ «Ես չեմ տեսել, որ իրենք ժամկետանց դեղորայք հայտնաբերեն, իրենք ինձ նման բան չեն ասել։ Մեր հոգեբուժական բաժանմունքում ժամկետանց դեղորայք չի եղել, ես ասում են ամենայն պատասխանատվությամբ, չկա նաև դիսպանսերում՝ կենտրոնացված գումարներով ստացված դեղորայքի մեջ», -ասաց Նադյա Վարդանյանը։

Նշենք, որ ըստ ՄԻՊ զեկույցի, ժամկետանց դեղեր են հայտնաբերվել են նաև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, գրավոր պարզաբանումների համաձայն՝ այնտեղ հայտնաբերված ժամկետանց դեղորայքի առկայությունը պայմանավորված է եղել բուժքրոջ անփութությամբ, որի համար վերջինս ստացել է գրավոր նկատողություն։

ՄԻՊ-ը իր զեկույցում, մատնանշելով Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, նշում է․ «Արձանագրվել են դեպքեր, երբ բաժանմունքը, որտեղ բուժում են ստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 60 անձ, հերթափոխային հերթապահություն է իրականացնում 1 բուժքույր և 1 սանիտար՝ 35-45 մահճակալներով բաժանմունքներով»։

Նադյա Վարդանյանը պարզաբանում է, որ ֆինանսական միջոցները կրճատելու պայմաններում աշխատակիցները վճարվում են իրենց աշխատաժամին համապատասխան։ «Հաշվի առնելով աշխատանքի ծավալը՝ մենք աշխատողների աշխատավարձը իջեցրել ենք և իջեցրել ենք իրենց աշխատելու ծավալը, բայց սա շատ որակյալ բուժծառայություն մատուցելու հնարավորություն չի տալիս։Մենք պահում ենք այնքան աշխատող, որքան հաստիքներ ունենք, բայց իրենց ավելի քիչ ժամ ենք աշխատեցնում՝ հազիվ ծայրը ծայրին հասցնելով։Պարզ ասեմ՝ եթե երկրորդ հարկում՝ նարկոլոգիայում մեկ հիվանդ կա, ինքն առանձին բաժանմունք է, պետք է առանձին լինի, բայց հոգեբուժական բաժանմունքում աշխատող կինը նաև աշխատում է այնտեղ, որպեսզի մենք այդ օրն ավելի պակաս հերթապահ ունենանք», -ասում է տնօրենը։

Նա նշում է, որ այլևս չեն կարող խնայողություններ անել, որ որոշակի վերանորոգումներ կատարեն, այժմ նախարարությանն են դիմել՝ 52 պատուհանները փոխելու խնդրանքով։

Տիկին Վարդանյանն անդրադարձավ նաև վճարովի ծառայություններ ունենալուն, ասաց, որ ունեն ցանկ։ «Օրինակ՝ տեղեկանք ենք տրամադրում արտերկիր գնալու համար, մենք ունենք վճարովի պալատ, մի պալատ, որտեղ հեռուստացույց կա, երկու սիրուն մահճակալ, աթոռ, սեղան․․․ Ովքեր ցանկանում են օգտվել, բայց ո՞վ է օգտվողը, մի հատ Ամերիկայից է մարդ օգտվել, մի հատ Վրաստանից է եկել, օգտվել, տարվա մեջ 1-2 դեպք։ Օրինակ՝ ես կուզենամ վճարովի ծառայություններ մատուցենք, խնամքի ծառայություններ, չեմ կողմնորոշվում, թե հետո ինչ-որ մեկը չի՞ մեղադրի։ Եթե հարազատը չի պահում, եթե հարազատը նրա թոշակը, թեկուզ 20-30 հազար ուտում է և հիվանդին մեզ մոտ է բերում, ես մտածում եմ՝ իսկ ինչ կլինի՞ եթե մենք վճարովի խնամքի ծառայություն մատուցենք։ Իրենք ասում են, թե հոգեբուժությունը պետության կողմից երաշխավորած բուժօգնություն է, բայց եթե մեկն ուզում է իր հիվանդը մենակ պառկի, իր պալատում հեռուստացույց լինի, սառնարան լինի, ինչո՞ւ չպառկի։ Եթե մենք ունենաք վճարովի ծառայություն, կթոթափենք պետության հոգսը»։

Նա նշեց, որ իրենց մոտից հանել են պետպատվերով նևրոզների սպասարկումը, երբ հիվանդը գալիս է ցերեկային ստացիոնար ծառայություն ստանալու, իրենք իրավունք ունեն նրան վճարովի ծառայություն մատուցելու։ Նման դեպքերում, ըստ մեր զրուցակցի, բժիշկը հիվանդին պիտի առաջարկի գնալ Քասախ, իսկ ինչո՞ւ Գյումրին ցերեկային ստացիոնար մի վճարովի պալատ չունենա։ «Իրենք վճարում են, էդ վճարի 40 տոկոսը կտանք քույրին, սանիտարին, բժշկին, դառնում է աշխատավարձ, 60 տոկոսն էլ մնում է մեզ եկամուտ։ Ու ինչքան շատ լինի, այնքան լավ»։ Ըստ տնօրենի, տնային այցելություններ կան, որոնք վճարով են, դա առողջապահության նախարարի հրամանով 20 հազար դրամ արժի, իրենք Գյումրու համար իջեցրել են 10 հազար դրամ։ Թեև, նրա հավաստմամբ, օգտվողներ գրեթե չկան, նմանապես օգտվող դեռ չի եղել հոգեբանի վճարովի ծառայություններից, որը սահմանել են 3 հազար դրամ։

Նադյա Վարդանյանը մեզ ցույց տվեց իրենց զսպման բժշկական հարմարանքները, որոնք բերվել են Ֆրանսիայից։ Հիշեցնենք, որ ըստ ՄԻՊ-ի զեկույցի, որոշ հոգեբուժական կենտրոններում ֆիզիկական զսպման համար սավանի կտորներ, ամուր գործվածքից պատրաստված գոտիներ են օգտագործում։

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենն ասաց․ « Ինչո՞ւ պիտի սավանով զսպենք, երբ մենք ունենք հատուկ բժշկական զսպաշապիկներ, դրանք թեև երբեք չենք օգտագործել, որովհետև պրակտիկ չեն, լավը չեն։ Երբ մասնագիտորեն գտնում ենք, որ հիվանդն անկառավարելի է, դրանից հետո մենք փորձում ենք հիվանդին կատարել դեղորայքային հանդարտեցման մեթոդներ։ Իսկ ծեծը բացառվում է, ես կարծում եմ, որ հանրապետության ոչ մի հոգեբուժարանում էլ ծեծ չկա, մենք հո սադիստ չենք, որ հիվանդին ծեծենք»։

Նա նաև մեջբերեց Ֆրանսիայի հոգեկան առողջության կենտրոնների փորձը, որտեղ եղել է և տեսել, որ կին հիվանդների մոտ աշխատում է տղամարդ սանիտար, ու ֆրանսիացիները դա բնականոն են համարում։ Ըստ Նադյա Վարդանյանի, եթե այդպես մտածեն, ապա տղամարդ բժիշկն էլ չպիտի մտնի կին հիվանդի մոտ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031