«Անկախություն սպանողը նաև որոշ դպրոցների ուսուցիչներն ու տնօրեններն են»,- գրում է Երեւանի ավագանիու Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով հետեւյալ ֆոտոշարքը:
«Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է: Բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ ( միջոցառումն անցկացվում էր «Աշխարհն իմ աչքերով» խորագրի ներքո, երբ երեխաները ներկայացնում են տարբեր երկրներ):
Ավելին, Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ՝ այն հակառակ վիճակում է, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Բայց այդ երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ նաև հանցագործություն:
Չեմ զարմանա, որ տնօրենը ձեռքը սրտին դրել է ՌԴ հիմնի ժամանակ: Հաշվի առնելով այս ամենն՝ այսօր դիմել եմ պատկան մարմիններին սույն անձնավորություններին ՀՀ անկախ պետության որևէ դպրոցից տասնյակ կիլոմետրերով հետ պահելու համար:
Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում պատասխան կա այս գրառմանը. «Պարոն Հարությունյան, խորհուրդ կտանք լավ նայել էջը և ավելորդ մեկնաբանություններ չանել: Հակոբ Օշականի անվան դպրոցում կազմակերպվել է «Աշխարհն իմ աչքերով» խորագրով միջոցառում, որի ներքո աշակերտները ներկայացրել են 11 երկրի` այդ թվում Վրաստանի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների մշակույթը, սովորույթները, խոհանոցը, խոսել և երգել են այդ լեզուներով, բայց բնավ չի նշանակում, որ մենք և երեխաներն ուրանում ենք մեր հայրենիքն ու լեզուն:
Մենք Ձեզնից պակաս հայ և հայրենասեր չենք և հայեցի կրթություն ենք տալիս մեր սաներին: Բոլոր միջոցառումների սկզբում հնչում է ՀՀ օրհներգը, որը կատարում ենք մենք և մեր սաները: Յուրաքանչյուր միջոցառման ընթացքում փառաբանվում է մեր հայրենիքը, իսկ վերոնշյալ միջոցառումների ավարտը կազդարարի «Ձոն հայրենիքիս» ցերեկույթը:
Հակոբ Օշականի անվան դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները ձեռքները սրտներին են դնում միայն ՀՀ օրհներգի ժամանակ: Իզուր ավելորդ ենթադրություններ մի’ արեք և ապատեղեկատվություն մի’ տարածեք: Մի’ քաղաքականացրեք դպրոցական պարզ միջոցառումը և մատաղ սերնդին ու մեզ Ձեր թիրախը մի դարձրեք»: