ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը կասեցրել է քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի թիկնազորի մի շարք անդամների նկատմամբ: Վաշինգտոնում անցած տարի նրանց առաջադրված մեղադրանքների պատճառով դիվանագիտական խութեր էին առաջացել ԱՄՆ – Թուրքիա հարաբերություններում:
Բռնությունների մեջ մեղադրվող 15 թիկնապահներից 11-ին առնչվող գործը կարճվել է, գրում է «Wall Street Journal»-ը՝ նշելով, թե այդպիսով կվերանա թուրք-ամերիկյան լարվածության աղբյուրներից մեկը: ԱՄՆ դատախազությունն առաջին չորսի մեղադրանքները կարճելու հայցով դատարան էր դիմել դեռ անցած տարվա նոյեմբերին, իսկ այս տարվա փետրվարի 14-ին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցից մեկ օր առաջ կասեցվել էին ևս 7 թուրք թիկնապահներին առաջադրված մեղադրանքները: Նրանց թվում էր նաև Ռեջեփ Էրդողանի թիկնազորի ղեկավարը:
Ամերիկյան դատախազությունը չի հրապարակել մեղադրանքները կարճելու որոշումները և որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Դատախազության գրասենյակն այդ մասին հայտնել է՝ պատասխանելով «Wall Street Journal»-ի հարցմանը:
Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանք էր առաջադրվել անցած տարվա մայիսին նրա՝ ԱՄՆ այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած բախումերից հետո: Էրդողանի թիկնազորի անդամները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Բողոքի ցույցի մասնակիցները հիմնականում քրդեր էին, սակայն այնտեղ էին նաև ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են Էրդողանի թիկնապահները բռունցքներով, ոտքերով հարվածում վայր ընկած ցուցարարներին, իսկ Վաշինգտոնի ոստիկաններն ու անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են բաժանել նրանց: Այդ միջադեպի հետևանքով առնվազն 9 ցուցարար հոսպիտալացվել էր, վիրավորվել էին ամերիկյան անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ և մեկ ոստիկան:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: