Մարտի 22-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռիշար և Կորին Զարզավաջյանների՝ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակված «Հայաստանի խոհանոցը» գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով գրքի հեղինակներին և միջոցառման հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց «Այսօր այս հերթական հայաշունչ ձեռնարկը նվիրված է հայկական խոհանոցին՝ հայկական ավանդույթներին, հայկականությանը: Տիպիկ հայկական պատմություն է, հայ ընտանիքի բեկորները Ցեղասպանությունից մազապուրծ՝ հաստատվել են Ֆրանսիայում, և ֆրանսիացի ժողովրդի հոգատարության շնորհիվ դարձել են երկրի արժանավոր քաղաքացիներ՝ կառչած մնալով իրենց արմատին, հավատքին, լեզվին ու ինքնությանը: Հայկական խոհանոցը հայ ինքնության մասն է կազմում, և այսօր ներկայացվող «Հայաստանի խոհանոց» գիրքը հայ ինքնությունը աշխարհին ներկայացնելու հիանալի օրինակ է: Մեր մշակութային ժառանգությունը ուսումնասիրելով ու փոխանցելով կկարողանանք պահպանել այն»:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նույնպես շնորհավորեց գրքի հեղինակներին ու շեշտեց. «Ազգային խոհանոցը մեր դիմագծի, բնավորության, հոգեկերտվածքի, մտածողության մեջ կարևոր դերակատարում ունի: Մեր կազմակերպության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական խոհանոցի այդ մասնիկը փոխանցելու համար»:
Գիրքը ներկայացրեց Կորին Զարզավաջյանը: Շնորհակալություն հայտնելով գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար՝ նա ներկայացրեց գրքի ստեղծման հուզիչ պատմությունը և նշեց, որ «Հայաստանի խոհանոցը» («Cuisine d’Arménie») խորագրով գիրքը պարունակում է հայկական շուրջ 100 ճաշատեսակ՝ լուսանկարներով և բաղադրատոմսերով: «Ավելի քան մեկ տարի առաջ մենք փորձում էինք կարգի բերել մեր մեծ մայրիկից մնացած հիշատակները և եղբորս հետ պահարանի խորքում պատահականորեն գտանք մի հին ճամփորդական սնդուկ, որտեղ մի մաշված դպրոցական թղթապանակ կար, նարնջագույն մի թղթապանակ: Մայրս ավելի քան տասը տարի իր գեղեցիկ ձեռագրով խնամքով գրել էր մեր մանկության օրերի հայկական ուտելիքների բաղադրատոմսերը: Ես մտածեցի, որ նարնջագույն այդ թղթապանակն անպայման պետք է գիրք դառնա, որովհետև այնտեղ ոչ միայն բաղադրատոմսեր էին, այլ նաև ճաշերի ու ուտելիքների հետ կապված պատմություններ, որոնք, կարծես, ավանդապատումներ լինեին, մեր ազգային սովորույթները բացահայտող հեքիաթներ: Մենք այդ թղթապանակից իմացանք, օրինակ, որ եթե Տիգրանակերտում աղջիկը սուրճ էր մատուցում իրեն կնության տանելու եկած տղային, ու եթե սուրճը քաղցր էր անում, ուրեմն պատրաստ էր այդ տղայի կինը դառնալ: Սա ավելին է, քան հայկական սուրճի բաղադրատոմսը», – նշեց նա»:
Ռիշարը հավելեց. «Մեր ծնողները ֆրանսիացիներ էին, բայց միեւնույն ժամանակ չէին մոռանում իրենց հայկական արմատների մասին: Մենք ավանդույթներ ունեինք, խոսում էինք հայերեն, իսկ խոհանոցը մեզ համար տարբեր սերունդներն իրար կապող յուրահատուկ օղակ էր: Հայկական ուտեստները միշտ մեզ համար տոն էին»:
ՀՀ սփյուռքի նախարարություն