Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի հերթական նիստը

Մարտ 22,2018 19:20

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները: Զեկուցողի խոսքով՝ արձանագրված հիմնական խնդիրները  վերաբերում են ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների ընթացակարգերի հստակեցմանը, որոշումների ընդունման գործընթացում ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվության անբավարար լինելուն և այլն:

Ներկայացվել են նաև հետազոտության շրջանակում մշակված առաջարկությունները՝ ազդեցության փորձաքննական գործընթացների կատարելագործման, հանքարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ և այլն: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են արտահայտել ներկայացված հետազոտության արդյունքների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին, քննարկել զեկույցում բարձրացված հարցադրումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ:

Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը: Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից: Ճանապարհային քարտեզի շրջանակում նախատեսվում է 2018-2019 թթ. ընթացքում միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝ իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, տվյալների հավաքագրում և հավաստիության ստուգում, իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ձևավորում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում ներկայացնել ստեղծվող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի ղեկավարությամբ և քաղաքացիական հասարակության ու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031